15 նոյեմբերի 2013 - 15:35 AMT
Տուգանվել են մանկապարտեզների և ծերանոցերի 3 անբարեխիղճ մատակարարներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մանկապարտեզների և ծերանոցերի մի շարք անբարեխիղճ մատակարարների: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունները տուգանվել են յուրաքանչյուրը 15 մլն դրամի չափով: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունները մեկ տարով կզրնվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից:

Ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: Օրինակ, «Ամարաս-Յուսը» խտացրած կաթի մի մրցույթում հաղթել է՝ 1 տուփը 450 դրամ գնային առաջարկով, իսկ մյուսում պարտվել՝ նույն ապրանքն առաջարկելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գնով, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը եւ խտացրած կաթ մատակարարել շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Որոշ դեպքերում էլ ընկերություններից մեկը, հաղթող ճանաչվելով մրցույթում, հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ մատակարարել ապրանքները: Արդյունքում տեղը զիջել է իր հետ փոխկապակցված եւ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մյուս ընկերությանը:

Հետքարքրական է այն փաստը, որ անցած տարի այդ երեք ընկերությունները տուգանվել էին ՏՄՊՊՀ կողմից մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար:

ՏՄՊՊՀ-ն վերջին 2-3 տարվա ընթացքում ուսումնասիրել է 88 հաստատությունների (ծերանոց, մանկատուն, գիշերօթիկ հաստատություն, մանկապարտեզ) շուրջ 200 ապրանքի մատակարարման մրցույթներ: