15 նոյեմբերի 2013 - 17:29 AMT
Վիլսոն. Երկներին չենք ստիպում անդամակցել Եվրաատլանտյան կազմակերպություններին

Վիլնյուսում նոյեմբերի վերջում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ Սենատում տեղի են ունեցել լսումներ Ամերիկայի և Եվրոպայի եվրասիական գործընկերության վերաբերյալ: ԱՄՆ օրենսդիրներն ու փորձագետները մտահոգված են Ադրբեջանի և Բելառուսի հետ ԱՄՆ և Եվրոպայի ապագա համագործակցության հարցերով Արևելյան գործընկերության գագաթաժողովի շեմին:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի եվրոպական ենթակոմիտեի ղեկավար, սենատոր Քրիս Մերֆին հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին Ադրբեջանում: Այդ ուղերձը նա հղել է Ադրբեջանի իշխանություններին՝ հավելելով, որ «դա շատ դրական քայլ կլիներ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջացած հարցերի ֆոնին»:

Հիմնականում քննարկումների ընթացքում քննարկվել է, թե ինչ պետք է անեն գործընկերները, իսկ ինչից ձեռնպահ մնան համաձայնության հասնելու համար գագաթաժողովում, քանի որ արևմտյան դիվանագետներն աշխատում են տարբեր համաձայնագրերի վրա, որոնք կարող են ստորագրվել կամ չստորագրվել:

Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթաժողովը եվրոպական ինտեգրման գլուխներից մեկը կարելի է դիտարկել, և իրենք մտադիր չեն «այդ գլխում ընդգրկել Ադրբեջանին ու Բելառուսին»: «Մենք չենք ստիպում երկրներին անդամակցել Եվրաատլանտյան կազմակերպություններին, դա չի արտացոլում մեր սկզբունքները:

Որոշումներն ընդունում են հասարակությունները, երկրներն ու նրանց առաջնորդները»,-ասել է նա՝ հավելելով, որ «պարզ է, որ Լուկաշենկոն այն առաջնորդը չէ, որը երկիրը դեպի Եվրոպա կտանի»:

Ադրբեջանում, հավելել է նա, «մեծ հետաքրքրություն կա Արևմուտքի հետ համագործակցության հարցում»: «Շատ կարևոր է պարզել, թե մենք ինչ կարող ենք անել ճիշտ ուղին գտնելու համար»,-ասել է Վիլսոնը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է մտածի այն մասին, որ Բելառուսն ու Ադրբեջանը Վիլնյուսի շրջանակներից դուրս չմնան:

«Ժառանգություն հիմնադրամի» վերլուծաբան Արիել Քոենը իր հերթին նշել է, որ իրավիճակն Ադրբեջանում «շատ բարդ է», քանի որ Ադրբեջանը շիաների աշխարհիկ պետություն է և ջանում է հետևել արևմտյան քաղաքականությանը, ունենալով էներգետիկ ռեսուրսներ:

Ադրբեջանի և Եվրոպայի միջև ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խնդիրները կապված են նրա հետ, որ ԵՄ-ն չի ցանկանում ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և մտահոգությունը, կապված նախագահական ընտրությունների հետ, ասել է Քոենը: Նա հավելել է, որ եթե ադրբեջանցիներն ու եվրոպացիները համաձայն են համագործակցել հաշվի առնելով այդ տարաձայնությունները և առաջընթաց գրանցեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հարցում, դա կբխի ԵՄ, Ադրբեջանի ու ԱՄՆ շահերից: Դա անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար ասոցացման համաձայնության շուրջ, ասել է փորձագետը, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ուկրաինան և Եվրամիությունը 5 տարվա բանակցություններից հետո 2012 թվականի մարտին նախաստորագրեցին Ասոցացման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է առևտրի ազատ գոտու ստեղծում: Համաձայնագրի ստորագրման համար ԵՄ-ն մի շարք պայմաններ է առաջարդել Կիևին, որից ամենադժվարը Ուկրաինայի իշխանությունների համար «Տիմոշենկոյի հարցն է», որի դատական հետապնդումը Եվրոպայում քաղաքականապես պատճառաբանված են համարում:

Ուկրաինայի խորհրդարանում աշխատանքային խումբ է գործում դատապարտյալներին արտերկրում բուժման հնարավորություն տալու մասին օրինագիծ մշակելու նպատալով, սակայն իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում պայմանավորվել Տիմոշենկոյի բուժման պայմանների մասին:

ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով, եթե Վիլնյուսում համաձայնագիր չստորագրվի: Արևելյան գագաթաժողովը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 29-ին: