10 ապրիլի 2006 - 15:52 AMT
Երեւան է ժամանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարը
Այսօր Երեւան է ժամանում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, այցի նպատակը Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի մանրամասների քննարկումն է, նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալը: Ջ.Դանիլովիչը մտադիր է ծանոթանալ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գրասենյակ բացելու պայմաններին, որը նախատեսվում է գործարկել 2006 թվականի հունիսին: Այցի շրջանակներում կքննարկվեն ԱՄն աջակցությամբ Հայաստանում արդեն իրականացված նախագծերն այն ոլորտներում, որոնք նշված են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում եւ կատարվելիք նախագծերը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Նշենք, որ համաձայնագիրը 5 տարի ժամկետով Հայաստանին 235,5 մլն դոլար տրամադրելու մասին ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակներում ստորագրվել է մարտի 27-ին Վաշինգտոնում: Փաստաթուղթը ստորագրել են Վ.Խաչատրյանը եւ Ջ.Դանիլովիչը: