18 նոյեմբերի 2013 - 15:38 AMT
ԿԱՐԾԻՔ
Սաուդյան Արաբիան գործակցո՞ւմ է Իսրայելի հետ Իրանի դեմ

Իրանի դեմ անհաշտ պայքարում Սաուդյան Արաբիան, եթե դատելու լինենք ըստ արևմտյան մամուլի, գործակցում է Իսրայելի հետ, ավելի կոնկրետ՝ «Մոսսադի»: The Sunday Times շաբաթաթերթը գրում է, որ երկու երկրների հետախուզություններն Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակման պլաններ են մշակում այն դեպքի համար, եթե բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի սառեցման շուրջ հաջողությամբ չավարտվեն:

Հոդվածում ասվում է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ընդհանուր շահ ունեն՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա: Անցյալ տարի արդեն նույն պարբերականում նման մի հաղորդագրություն եղել է, որ Էռ Ռիադը համաձայնվել է՝ Իսրայելի օդուժն օգտագործի իր օդային տարածքն Իրանի դեմ հարձակման դեպքում: Սակայն մինչ այդ տեղեկատվություն հայտնվեց, որ Սաուդյան Արաբիան կհարվածի Իսրայելի ինքնաթիռներին, եթե վերջիններս փորձեն Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման համար օգտագործել թագավորության օդային տարածքը:

Այս հակասական և բավականին սուղ տեղեկություններից շատ դժվար է ինչ-որ հետևություն անել Մերձավոր Արևելքում հերթական պատերազմի հեռանկարների մասին: Պատերազմ, հավանաբար, չի լինի, բայց միմյանց նյարդերը երկրները լավ կքայքայեն: Որքան էլ Սաուդյան Արաբիան ատի Իրանին, երբեք գործարքի չի գնա Իսրայելի հետ: Արաբական աշխարհում հրեական պետության հետ գործակցող ցանկացած պետություն մեկուսացման մեջ կհյատնվի: Երկրներից մեկը փորձեց գրեթե 30 տարի հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ: Եվ ինչո՞վ ավարտվեց ամեն ինչ Եգիպտոսում: Անկարգություններ, Մուբարաքի պաշտոնանկություն, Մուրսի, իսրայելյան դրոշների հրկիզում... Բնականաբար, Իսրայելը մեղք չունի եգիպտացիների դժգոհության համար, բայց արաբները սովորություն ունեն սեփական անհաջողությունների պատճառներn որոնել իրենցից դուրս՝ դրա պարզ օրինակն է Պաղեստինի պետության ստեղծման անհաջողությունը:

Դառնալով Սաուդյան Արաբիային՝ նշենք, որ նույնիսկ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն» է ասացվածքը չի աշխատում Իսրայելի հետ հարաբերությունների դեպքում: Գնալով պարզ է դառնում, որ Իրանը ոչ ոք չի ռմբակոծելու, առավել ևս ածխաջրածինների վերջերս հաստատված պաշարների լույսի ներքո: Նման պետությունների հետ ավելի շահավետ է պայմանավորվել, ուշադրություն չդարձնելով Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու Նեթանյահուի մշտական հորդորներին: Երկուսից մեկը՝ կամ The Sunday Times-ի հրապարակումը սովորական ապատեղեկատվություն է, կամ բնակչության տրամադրությունները շոշափելու ցանկություն: Եվ մի դեպքում, և մյուս նման հնարքների կարող են դիմել Իսրայելը, ԱՄՆ-ն և, գուցե, ԵՄ-ն, բայց ոչ Իրանը: Ժնևում նոյեմբերի 20-ին նախատեսվում է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ, որը կարող է հանգեցնել որևէ համաձայնագրի ստորագրման, անկախ Նեթանյահուի «զգուշացումներից»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net