18 նոյեմբերի 2013 - 17:35 AMT
Նավթի արդյունահանումն Ադրբեջանում շարունակում է նվազել

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում շարունակում է նվազել: «Ազեի-Չիրագ-Գյունեշլի» հարթակում նավթի արդյունահանումը նվազում է բարձր տեմպերով, չնայած BP-Azerbaijan ընկերության ձեռնարկած միջոցներին 2012 թ. հոկտեմբերից ի վեր: Ըստ ընկերության հաշվետվության, 2013 թվականի 9 ամիսների արդյունքում վերոնշյալ հարթակում շահագործման է հանձնվել 10 շահագործման հորատանցք, իսկ «Չիրագ» պլատֆորմում՝ 3 նոր հորատանցք: Սակայն, չնայած դրան, միջին օրական արդյունահանումը հաշվետու շրջանում նվազել է 5 200 բարելով:

Ամենախոշոր հարթակում՝ «Կենտրոնական Ազերի» հանքավայրում շահագործման է հանձնվել 4 հորատանցք, սակայն դա հաջողությամբ չի պսակվել՝ ամենաօրյա արդյունահանումը նվազել է 13 000 բարելով: Ընկերությանը հաջողվել է միայն քիչ թե շատ կայուն պահել արդյունահանումը միայն «Արևմտյան Ազերի» հանքավայրում:

Անկման ամենաբարձր տեմպերը գրանցվել են «Արևելյան Ազերի» հանքավայրում: Հաշվետու շրջանում միջին օրական արդյունահանումը նվազել է 26 հազար բարելով: Միակ պլատֆորմը, որտեղ ընկերությունն աճ է գրանցել, «Խորքային Գյունեշլին» է, գրում է «Թուրան» գործակալությունը:

Արդեն երրորդ տարին է Ադրբեջանում նվազում են նավթի արդյունահանման ծավալները: 2011 թ. նավթի արդյունահանման ծավալները նվազել են 10,8 տոկոսով, իսկ գազի արդյունահանման ծավալները՝ 2 տոկոսով: 2012 թվականին նավթի արդյունահանման ծավալները նվազել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 43 մլն տոննա:

Արդյունահանման կրճատման ֆոնի վրա աճում է Ադրբեջանի տնտեսության ու բյուջեի կախվածությունը նավթային հատվածից: 2013 թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները նավթային հատվածից կազմում են ընդհանուր եկամուտների արդեն 79 տոկոսը: