18 նոյեմբերի 2013 - 19:33 AMT
Լավրով. Կարագացնենք Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը

Մոսկվան ակտիվ կաջակցի հարցերին, որոնք պետք է լուծել մինչ Հայաստանը միանա Մաքսային միությանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ուզում ենք շարունակել ԵԱՀԿ, ՄԱԿ, ու, իհարկե, հետխորհրդային տարածքում՝ ԱՊՀ ու ՀԱՊԿ շրջանակում մեր գործակցությունը»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ակտիվ աջակցելու է բոլոր հարցերի լուծմանը, որոնք պետք է կարգավորել Մաքսային միությանը կարճ ժամկետներում միանալու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանը Մաքսային միությանը միանալուն պատրաստ կլինի մինչև 2014-ի փետրվարի 14-ը, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:«Կարծում եմ՝ մինչև փետրվար պատրաստ կլինենք Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին պայմանագիր կնքել, ինչպես նաև ներգրավվել Եվրասիական տնտեսական միության գործընթացում»,- օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստի ավարտինասել էր փոխարտգործնախարարն:

Նա նաև նշել էր, որ դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: