19 նոյեմբերի 2013 - 16:39 AMT
ԵՏՀ խորհուրդն աշխատանքային խումբ կստեղծի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գծով

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մոսկվայում Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակտիժան Սագինտաևի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հերթական նիստն էր :

ԵՏՀ նիտում քննարկվել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետագա զարգացմանն առնչվող հարցեր: ԵՏՀ աշխատանքին մասնակցել են նաև Ուկրաինայի, Ղրղզստանի և Հայաստանի հրավիրյալ ներկայացուցիչները, հայտնում է տարածաշրջանային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

ԵՏՀ խորհրդի անդամներն աշխատանքային խումբ կստեղծեն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության գծով:

Խումբը կաշխատի ՄՄ-ին ու ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի վրա:

Նիստում հավանության է արժանացել ՄՄ-ին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզը,քնարկվել են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հարցը, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրի զարգացման հարցեր:

Ղրղզստանի վարչապետի առաջին տեղակալը նշել է, որ ՄՄ գործընկեր երկրների համատեղ աշխատանքն երկրների բարձր ինտեգրման ցուցանիշ է, հայտնում է Zakon.kz-ը:

Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Photo: www.zakon.kz