Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ. ևս մեկը նախատեսվում է առաջիկա ամիսներին (վիդեո)

Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ. ևս մեկը նախատեսվում է առաջիկա ամիսներին

PanARMENIAN.Net - Վիեննայում այսօր` նոյեմբերի 19-ին, Քոբուրգ պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն էր, որը սկսվել է առանձնազրույցով, ապա նրանց են միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ, համանախագահների հաղորդագրությունն է փոխանցում նախագահ Սարգսյանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ազատություն» ռադիոկայանի՝ «ինչպես անցան բանակցությունները» հարցին ՀՀ նախագահը պատասխանել է՝ «նորմալ»:

Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե հանդիպմանը հայկական կողմը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու թեզը:

Նախագահները Վիեննա են ժամանել երկու երկրների արտգործնախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Սա 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումն էր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---