20 նոյեմբերի 2013 - 11:32 AMT
ԱՄՆ նախագահի խորհրդական. Մտադիր չենք ներողություն խնդրել Աֆղանստանից

ԱՄՆ-ն մտադիր չէ ներողություն խնդրել Աֆղանստանից անվտանգության մասին համաձայնագրի նախապատրաստման փուլում, որը թույլ կտա ԱՄՆ զորքերին մնալ երկրում 2014 թվականից հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը: Աֆղանստանի իշխանությունները մինչ այդ հայտարարում էին, որ պայմանավորվել են ԱՄՆ հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ՝ հավաստիացումներ ստանալով, որ նախագահ Բարաք Օբաման կճանաչի ռազմական գործողությունների ընթացքում ամերիկացիների սխալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աֆղանստանից ներողություն խնդրելու կարիք ԱՄՆ-ն չունի: Ճիշտ հակառակը»,- ասել է Ռայսը CNN-ին տված հարցազրույցում:

Հոկտեմբերի 11-ին Քերին ու Քարզայը քննարկել են անվտանգության մասին համատեղ պայմանագիրը, որը պետք է մինչև տարեվերջ համաձայնեցվի: ԱՄՆ ռազմական ուժերը պայմանավորվածության դեպքում կարող են Աֆղանստանի տարածքում մնալու իրավունք ստանալ նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական առաքելության ավարտից հետո, որի ժամկետը սպառվում է հաջորդ տարի:

ԱՄՆ-ն հուսով է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն ամսվա վերջում, սակայն բանակցությունները փակուղի մտան: Պատճառներից մեկն այն էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր էին ստանձնել հակաահաբեկչական գործողություններն Աֆղանստանի տարածքում, ինչը մտահոգում է պաշտոնական Քաբուլին:

Մինչ այդ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով վերջինիս հրամանատարությանը ռազմական գործողությունների 10 տարում իր երկրի կայունությունն ապահովելու անկարողության մեջ:

«Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի գործողությունն Աֆղանստանին հսկայական տառապանքներ բերեց, բազում կյանքեր խլեց և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնումների վրա և անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում: Համիդ Քարզայը ևս վեց ամիս կմնա նախագահի պաշտոնում, որից հետո կընտրվի նրա հետնորդը:

Photo: commons.wikimedia.org