20 նոյեմբերի 2013 - 16:58 AMT
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի

Հայաստանի ու Ղազախստանի վարչապետները հավանություն են տվել Երևանի ու Աստանյի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմանը: Այդ մասին Տիգրան Սարգսյանն ու Սերիկ Ախմետովը հայտարարել են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականության» որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:

Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան: