11 ապրիլի 2006 - 14:56 AMT
Ադրբեջանցի իրվապաշտպանը խոստովանել է, որ Սաֆարովի համար պահանջել են ցմահ բանտարկություն
Ապրիլի 13-ին Բուդապեշտում դատավճիռ կկայացվի հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի նկատամամբ: Ամբաստանյալի իրավապաշտպան Ադիլ Իսմայլովը հայտարարել էր, որ «դատախազը ապրիլի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ պահանջել է նրա նկատմամբ կիրառել 30 տարվա ազտազրկում»: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ դատախազը պահանջել է ցմահ բանտարկություն:

Ինչպես գրում է Բաքվի «Զերկալո» թերթը, իրավապաշտպանը բազմաթիվ քաշքշուքներից հետո ստիպված էր խոստովանել, որ «ցավոք սրտի, այս անգամ հայերը ճիշտ են ասում»: Այդ դեպքում, թերթը հարցնում է, ի՞նչ իմաստ ուներ մեկ շաբաթ առաջ հայտարարել, որ պետական մեղադրողը 30 տարվա ազատազրկում է պահանջել:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք միջադեպի քաղաքկանացումը վնասել է Ռ. Սաֆարովի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին, Ա. Իսմայլովը հայտարարել է, որ «լրիվ նորմալ է, որ տվյալ գործը տեղափոխվեց քաղաքական հարթություն»: «Ես կարծում եմ, որ քաղաքկանացումը ոչ մի կերպ չի վնասել ադրբեջանցի սպային: Ընդհակառակը, կարծում եմ, որ ադրբեջանական հանրությունը չկարողացավ ամբողջությամբ օգտագործել այդ հանգամանքը»,- ընդգծել է իրավապաշտպանը:

Նշենք, որ հունգարական օրենսդրության համաձայն, գույություն ունի ցմահ բանտարկության երկու տարբերակ: Առաջին տարբերակի համաձայն, ամբաստանյալը դատապարտվում է առանց ազատ արձակման որեւէ պայմանի եւ հնարավորության: Երկրորդ տարբերակը. ցմահ բանտարկություն` պայմանով, որ դատապարտյալը առաջին երեսուն տարին լրանալուց հետո կարող է դիմել ներման խնդրագրով: