20 նոյեմբերի 2013 - 17:56 AMT
Ուկրաինայի վարչապետ. Պատրաստվում ենք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

Ուկրաինան պատրաստվում է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին, որտեղ կարող է ստորագրվել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան չի փոխել իր որոշումը: «Ուկրաինան այժմ կենտրոնացած է առաջին հերթին տնտեսական հարցերի լուծման վրա: Նախապատրաստումը Վիլնյուսի գագաթաժողովին նորմալ է ընթանում: Համապատասխան փաստաթղթերի վրա աշխատում է գերագույն խորհուրդը: Այժմ մենք կենտրոնացած ենք ներքին տնտեսական խնդիրների լուծման վրա, մեր ծրագրերը չեն փոխվում»,-ասել է նա:

Իր հերթին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ դա Ուկրաինայի ներքին գործն է: «Մենք բազմիցս տվել ենք մեր մեկնաբանությունները, դրանք փոփոխություններ չեն կրել»,-ասել է նա: «Ես կցանկանայի տեսնել արդյունքը, տեսնել, թե ինչով կավարտվի նոյեմբերը մեր բարեկամ Ուկրաինայի համար, և եզրակացություններ անել, ելնելով դրանից»,-ասել է նա:

Մեդվեդևը հայտնել է նաև, որ այսօրվա բանակցությունների ընթացքում քննարկվել է այն փաստաթուղթը, որը շուտով մտադիր է ստորագրել Ուկրաինան, ինչպես նաև Մաքսային միության շրջանակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի թիվ 6 հավելումը: ՌԴ վարչապետը դժվարացավ ասել, թե երբ այն կսկսի կիրառվել Ուկրաինայի դեպքում, հայտնում է ՌԲԿ-ն: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

5 տարվա բանակցություններից հետո Ուկրաինան և ԵՄ-ն 2012 թ. մարտին նախաստորագրեցին ասոցացման մասին համաձայնագիրը: Վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի վերջում:

Եվրոպայի գլխավոր պահանջն Ուկրաինայից վերաբերոմ է «ընտրովի արդարադատությունից» հրաժարվելուն, այսինքն դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելուց: Դա վերաբերում է նաև Տիմոշենկոյի գործին, որի ազատ արձակումը պարտադիր պայման է համաձայնագրի ստորագրման համար: Սակայն նոյեմբերի 11-ին ամպերը կրկին կուտակվեցին նախկին վարչապետի շուրջ՝ նրա գլխավոր փաստաբանին ձերբակալեցին ընտանեկան բռնության մեղադրանքով: Բացի այդ, պարզվեց, որ Յանուկովիչն այցելել է Մոսկվա՝ գաղտնի բանակցություններ վարելով Պուտինի հետ: Եվրամիությունը պահանջում է Ուկրաինայից բարեփոխել ընտրական օրենսդրությունը և ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ պատրաստ է օրենք ստորագել, որը թույլ կտա Տիմոշենկոյին արտերկիր մեկնել բուժվելու, եթե օրինագիծը ստանա խորհրդարանի հավանությունը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները վստահ են, որ նախագահը պետք է ներում շնորհի Տիմոշենկոյին:

Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել երկու տարով Կիևի կողմից ԵՄ պահանջները չկատարելու պատճառով: