Արսենի Յացենյուկ. Յանուկովիչը ծախվեց Պուտինին 20 մլրդ դոլարով

Արսենի Յացենյուկ. Յանուկովիչը ծախվեց Պուտինին 20 մլրդ դոլարով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «շորթեց» Ռուսաստանի իշխանություններից 20 մլրդ դոլար, որի մի մասը կօգտագործի 2015 թ. նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այդ փողերի դիմաց Յանուկովիչն, ըստ Յացենյուկի, հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ համաձայնագիրը: «Յանուկովիչը սակարկեց իր համար 2015 թվականին նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելու երաշխիքները ու ՌԴ կողմից ճանաչվելը»,-ասել է Յացենյուկը՝ հավելելով, որ բացի այդ «նախագահն իր ու մերձակա շրջապատի համար ապահվեց իբր գազի սակագնի իջեցում»: «Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ Ուկրաինայում ազնիվ ու թափանցիկ ընտրություններ չեն լինի: Եվ դա Վիկտոր Յանուկովիչի ՌԴ ղեկավարության հետ համաձայնության մի մասն է, ուստի խոսքը գնում է հակաուկրաինական ռեժիմի դեմ պայքարի մասին»,-ասել է Յացենյուկը:

Մինչդեռ, ըստ LB.ua-ի, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ զրույցում Յանուկովիչը բողոքել է, որ չի կարող ստորագրել ԵՄ հետ պայմանագիրը «Ռուսաստանի տնտեսական ճնշման և շանտաժի պատճառով»:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---