22 նոյեմբերի 2013 - 16:38 AMT
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուս-թուրքական գործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից առաջ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ավարտին նեղ շրջանակով քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կան ընդհանուր քայլեր, որ պետք է ձեռնարկենք: Այդ հարցերի շուրջ վարած բանակցությունները մեզ թույլ տվեցինստեղծել հարթակ, բազա այդ դրանց կարգավորման համար»,- ասել է Էրդողանը նիստի ավարտին:

Ըստ Էրդողանի, Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություններ ունեն տարածաշրջանում ղարաբաղյան կարգավորման տեսակետից:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ: