Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

PanARMENIAN.Net - Երեկ Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թվում նաև ՀՀ քաղաքացի կա՝ Նաիրա Գրիգորյանը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վերջին տվյալներով, զոհվածների թիվը հասել է 43-ի, չորս տասնյակից ավելի մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում են Լատվիայի ԶԼՄ-ները:

Տուժածների թվում նաև երեխա կա, որի վիճակը գնահատվում է բավարար: Փլուզման հետևանքով տուժել են նաև փրկարարներ, նրանցից երեքը զոհվել է: Փրկարար ծառայության երկու աշխատակիցներին օգնություն է ցուցաբերվել տեղում, նրանք կրկին անցել են փլատակների մաքրման աշխատանքներին:

Լատվիայի ոստիկանությունը հայտարարել է, որ, ըստ տեսագրող խցիկների տեսագրությունների, փլատակների տակ կարող է ևս 40 մարդ լինել: Փրկարարները դեռևս պետք է զննեն 600 քմ:

Լատվիայում նոյեմբերի 23, 24-ն ու 25-ը սգո օրեր են հայտարարվել: Նոյեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել նաև Լիտվայում:

Ռիգայի դատախազությունը քրեական գործ է հարուցել փլուզման փաստով: Հավանաբար, արտակարգ պատահարի պատճառ է դարձել շինարարական ընկերության թերացումը, որը տանիքում մոտ 50 տ շինանյութ է տեղադրել՝ սխալ բաշխելով բեռը: Արդյունքում, շենքը, որը ճարտարապետական պարգևի էր արժանացել 2011 թվականին, փլվել է:

Նախ փլուզվել են առևտրի կենտրոնի պատերից մեկն ու տանիքը: Երբ ժամանել են առաջին փրկարարները և սկսել են հանել տուժածներն, ևս մի պատ է փլուզվել: Ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 500 քմ: Հիմնական հարվածը ստացել են բանջարեղենի խանութն ու Drogas խանութը: Maxima առևտրի կենտրոնը կառուցվել է 2011 թ. Homburg Group ընկերության և RE&RE ձեռնարկության կողմից:

Photo: RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---