Իլհամ Ալիևը «մամուլի բարեկամն» է, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանի

Իլհամ Ալիևը «մամուլի բարեկամն» է, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանի

PanARMENIAN.Net - Կյանքն Ադրբեջանում հիասքանչ է ու զարմանալի: Թվում է թե, էլ ինչ՝ խայտառակ եղան, չկարողացան նույնիսկ ընտրությունները պատշաճ ձևով ներկայացնել: Պատշաճ ձևով անցկացնելու մասին չէ խոսքը, ուղղակի աչքերին թոզ փչելու: Եվ ահա հերթական «թերացումը»՝ «անկախ» Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն՝ RUH, կիրակի օրն Ադրբեջանի նախագահին է հանձնել «Մամուլի բարեկամ» մրցանակը: Մրցանակը հանձնվել է 93 ԶԼՄ-ների հարցման արդյունքում, որոնց 89 տոկոսը իրենց բարեկամ են համարել նախագահին՝ հաշվի առնելով նրա «հոգածությունը մամուլի հանդեպ, ինչն արտահայտվում է լրագրողներին ֆինանսանյութական աջակցություն ցուցաբերելու մեջ»,-գրում է «Թուրան» գործակալությունը:

Իլհամ Ալիևը տներ է կառուցում լրագրողների համար, դրամաշնորհներ է հատկացնում, առավել մերձավորներին լավ աշխատավարձ վճարում: Այդ պայմաններում ում ասես կարելի է «մամուլի բարեկամ» հռչակել: Այդպես միշտ չի եղել: 90-ականներին այդ մրցանակին են արժանացել ընդդիմադիր և հասարակական գործիչներ իրենց իրական ավանդի համար այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ազատ լրագրության զարգացման ասպարեզում: Բայց այդ ավանդույթին վերջ դրվեց 2002 թվականին, երբ մամուլի բարեկամ հռչակվեց նախագահ Հեյդար Ալիևը, որը չեղյալ համարեց պետական հրատարակչության պարտքերն ու ավելացված արժեքի հարկը պարբերական մամուլի համար:

Իլհամ Ալիևին արդեն երկրորդ անգամ «մամուլի բարեկամ» հռչակելն օրինաչափ է: Ինչպես և մինչև 2010 թվականը, երբ նրա կառավարման տարիներին արձանագրվեցին լրագրողների սպանություններ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ, մամուլի տնտեսական անկախության վերացում, հեռուստատեսության լիակատար հսկողություն, վերջին երեք տարիներին այդ ընդունված կարգը շարունակվել է: Սպանվեց հրապարակախոս Ռաֆիկ Թաղին, տասնյակ լրագրողներ ու բլոգերներ ձերբակալվեցին, անհնազանդ ԶԼՄ-ները դատական հետապնդումների ենթարկվեցին: Նախագահի ավանդն այն է, որ նա, վերջապես, կարողացավ ստեղծել վախի մթնոլորտ մամուլի ոլորտում: Ըստ մեդիաների իրավունքների ինստիտուտի, 2012 թվականին Ադրբեջանում լրագրողները, առնվազն 60 անգամ ենթարկվել են ֆիզիկական ու հոգեբանական ճնշման, սպառնալիքների, հետապնդումների, ապօրինի ձերբակալությունների, տեխնիկական խոչընդոտների: 10 լրագրող ձերբակալվել է, զրպարտության 35 հայց է ներկայացվել:

2012 թվականին խստացնող փոփոխություններ կատարվեցին տեղեկատվություն ստանալու, իրավաբանական անձանց գրանցման և կոմերցիոն գաղտնիքի մասին օրենքներում: Ըստ ուղղումների, արգելված են տեսա- և ձայնագրություններն առանց անձի թույլտվության, կոմերցիոն գաղտնիքին են դասվում իրավաբանական անձանց մասին տվյալները: Վերջինս էլ ավելի է դժվարացնում լրագրողական հետաքննությունը: 2013 թվականին իրավիճակն ավելի վատթարացավ: Միայն առաջին կիսամյակում լրագրողների դեմ 36 դատական հայց է ներկայացվել: Արձանագրվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական ճնշման 47 փաստ: Վատթարացել է տեղեկատվության մատչելիությունը՝ պետմարմիններին 50 հարցումից միայն 5 է ըստ էության պատասխան տրվել: Ըստ տարբեր միջազգային կառույցների զեկույցների, այդ թվում ՈԿԿ և ԵԱՀԿ, Իլհամ Ալիևի կառավարման օրոք Ադրբեջանը զգալի նահանջ է ապրել խոսքի ազատության ոլորտում: Երկիրն ընդգրկվել է անազատ երկրների ցանկում, Ալիևը բազմիցս ճանաչվել է «մամուլի գիշատիչ»:

Այդ ամենը հոռետեսորեն է տրամադրում, եթե հաշվի առնենք այն, որ Արևմուտքը համառորեն չի ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում ժողովրդավարության ու խոսքի ազատության ոլորտներում: Ճիշտ է, վերջերս ավելի շատ հոդվածներ են հայտնվում «խավիարային քաղաքականության», կուսակցության հետ անհամաձայնների կաշառման կամ ծեծի ենթարկելու մասին: Ըստ իս, դա կապված է Ադրբեջանում նավթի արդյունահանման կտրուկ նվազման և գազի հայտարարագրված պակաս պաշարներով: Փաստորեն, առաջիկայում Ադրբեջանն ոչ ոքի պետք չի լինի որպես ածխաջրածինների հումքային բազա: Իսկ եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ վերջապես համաձայնագիր է կնքվել, ապա Թեհրանը շատ արագ կգրավի Բաքվի տեղը տարածաշրջանային նավթա և գազատարների հարցում: Կարելի է ասել, որ Ժնևում տանուլ տվեցին Ադրբեջանն ու Պարսից ծոցի միապետությունները: Սակայն եթե Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների համար հարվածը զուտ հոգեբանական էր, ապա Ադրբեջանի համար այն նաև զգալի կլինի տնտեսական առումով: Այնպես որ ադրբեջանցի լրագրողները շտապեցին. իսկ եթե վաղը մամուլի, ինչպես նաև երեխաների ու մարմնամարզիկների լավագույն բարեկամի փողերը վերջանա՞ն: Ինչը, բնական է, չի կորչի, բայց մամուլը ստիպված կլինի մտածել ու չմոռանալ, որ գործում է «անազատ երկրում»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---