The Guardian. «Խավիարային դիվանագիտության» ղեկավարը Քեմալեդդին Հեյդարովն է

The Guardian. «Խավիարային դիվանագիտության» ղեկավարը Քեմալեդդին Հեյդարովն է

PanARMENIAN.Net - Լոնդոնի մեծահարուստների Mayfair թաղամասում գրանցված է մի կազմակերպություն, որը երեկույթներ է անցկացնում քաղաքական գործիչների ու կուսակցությունների համար: Այն կոչվում է Ադրբեջանական եվրոպական ընկերակցություն, որն իրեն անվանում է անկախ առևտրային կազմակերպություն ու կանոնավոր կերպով ուղևորություններ է կազմակերպում Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների, եվրախորհրդարանականների ու այլ պետական այրերի համար այդ նախկին խորհրդային հանրապետություն, որտեղ նրանք ապրում են «լյուքս» կարգի հյուրանոցներում, գրում է The Guardian-ը: «Նախորդ այցերի ժամանակ ԵԽ անդամները թագավորական ընդունելության արժանացան Բաքվում: Դա արձակուրդի էր նման, որի վերջում նաև թանկարժեք նվերներ են հանձնվում: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ սև խավիարը: Բայց դուք պետք է ջանք գործադրեք, այդ նվերը ստանալու համար»,-գրում է բրիտանական թերթը՝ նշելով, որ մարդու իրավունքների կազմակերպությունը կասկածանքով է վերաբերվում այս «խավիարային դիվանագիտությանը», որն ուղղված է բարելավելու աշխարհի ամենաբռնատիրական երկրներից մեկի իմիջը: «Իսկ այդ ժամանակ երկրում անցնում են կեղծված ընտրություններ, անկախ լրագրողներն ու ընդդիմադիր գործիչները հետապնդվում են: Այդ կազմակերպությունը համարվում է էլիտային ընտանիքների գլխավոր լոբբիստը, որոնք հանդիսանում են նավթարդյունաբերության ու լեռնահանքային ձեռնարկությունների սեփականատերերը: Կազմակերպության ղեկավարն է Թալեհ Հեյդարովը՝ Քեմալեդդին Հեյդարովի որդին, որը ԱԻՆ ղեկավարն է ու Ալիևի ամենամերձավոր մարդկանցից մեկը: Առաջին հայացքից այդ ընկերակցությունն անկախ կազմակերպություն է թվում:

Սակայն իրականում կազմակերպության միակ ղեկավարը Թալեհ Հեյդարովն է, ինչը ստիպում է կասկածել, որ կազմակերպությունը չեզոք է,-ասում է Թոմ Մեյնը «Միջազգային վկա» կազմակերպությունից: Ինչպես հայտնել են WikiLeaks-ի հրապարակած հեռագրերը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից, ընկերակցությունը փորձում է ներկայանալ որպես անկախ կազմակերպություն, սակայն փաստացի հանդես է գալիս ադրբեջանական կառավարության դիրքերից, որտեղ առաջնային դեր ունեն մի քանի օլիգարխներ:

2012 թվականի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը " (European Stability Initiative) հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---