26 նոյեմբերի 2013 - 10:37 AMT
Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել հանուն ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման

Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել, պահանջելով Ուկրաինայի իշխանություններից ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Ուկրաինային նախկին վարչապետի փաստաբանի վրա հղումով: Հացադուլ հայտարարելու որոշումը կայացվեց Ուկրաինայի խորհրդարանում հերթական օրինագծի քննարկման մեկնարկին զուգահեռ, որը կոչված է լուծելու Տիմոշենկոյի խնդիրը: Նոր օրինագիծը ներկայացրել են ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները:

Նախորդ օրինագծերը, որոնք թույլ էին տալու Ուկրաինայի կալանավորներին բուժում ստանալ արտերկրում, մերժվեցին իշխող Ռեգիոնների կուսակցության կողմից անցած շաբաթ:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Կիևի կենտրոնում հանրահավաքները շարունակվում են հինգշաբթի օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Կիրակի և շաբաթ օրերին տեղի ունեցան բախումներ, եղավ Ուկրաինայի կառավարության շենքը գրոհելու փորձ:

Նախագահ Յանուկովիչը մտադիր է մասնակցել Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին, չնայած, որ Կիևը որոշում է կայացրել կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: