26 նոյեմբերի 2013 - 13:46 AMT
Փորձագետ. ԵՄ-ն չկարողացավ պայմանավորվել Ուկրաինայի հետ

Տարիներ շարունակ Բրյուսելը բանակցում էր Կիևի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Համաձայնեցված են փաստաթղթի հարյուրավոր էջեր, պակասում էին միայն ստորագրությունները: Բայց Կիևում հանկարծ խոսեցին ազգային շահերի մասին, որոնք պահանջում են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ուկրաինական կողմը նույնիսկ առաջարկեց, որ Մոսկվան ևս միանա Եվրամիության հետ բանակցություններին: Պարզ դարձավ, որ Ուկրաինան ենթարկվեց Մոսկվայի ճնշմանը: Այդ մասին հայտարարել է Deutsche Welle Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավարի տեղակալ Բերնդ Յոհանը: Ըստ նրա, այդպիսի զարգացման միտում կար: «Ուկրաինայի ղեկավարությունը երկակի խաղ էր տանում: Բանավեճը Ռադայում միայն ուշադրությունը շեղող գործողություն էր ԵՄ համար: Մինչդեռ Կիևը բացատրում էր իր եվրոպացի գործընկերներին, որ Տիմոշենկոյի բուժման հարցը լուծելու համար հատուկ օրենքներ են անհրաժեշտ՝ միաժամանակ նշելով ասոցացման մասին համաձայնագրի հանդեպ հետաքրքրությունը: Իսկ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը քաղաքական շրջադարձ էր կատարում: Նա բազմիցս է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանց խոսակցությունների բովանդակությունից քիչ բան է հայտնի:

Կրեմլը վաղուց է ձևակերպել ԵՄ հետ Ուկրաինայի մերձեցման հարցում իր դիրքորոշումը: Կայսերական ոճով Մոսկվան վերջին ամիսներին իսկական առևտրային պատերազմ էր սկսել Կիևի դեմ: Մի դեպքում պատժամիջոցներ սահմանվեցին ուկրաինական ապրանքի ներկրման համար, մյուս՝ գազային սպառնալիքներ հնչեցին: Մոսկվան խոսեց, թե էներգետիկ ոլորտում հարաբերությունները կարող են վերանայվել, եթե Ուկրաինան ԵՄ հետ մերձեցման գնա: Մի քանի տարի առաջ ամենասաստիկ ցրտերի ժամանակ Կրեմլն արդեն մեկ անգամ ցույց տվեց, թե դա ինչ է նշանակում: Գազն ուղղակի փակեցին: Մարդիկ Ուկրաինայում սկսեցին սառչել: Կրեմլը Եվրամիության քաղաքականությանը հակադրեց Մաքսային միության նախագիծը, որում մտադիր է ներգրավել հարևաններին»,- ասել է նա: Մաքսային միությանը, որը պետք է գործի Կրեմլի սահմանած օրենքներով, դեռևս անդամակցում են միայն Բելառուսն ու Ղազախստանը: Առանց Ուկրաինայի, Մոսկվայի համոզմամբ, միությունն անլիարժեք կլինի: Նախկին Խորհրդային Միության տարածքում Ուկրաինան, Ռուսաստանի հետ մեկտեղ, ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն է: Հենց այդ պատճառով էլ այն այդքան կարևոր է տնտեսական տեսակետից:

Իսկ ահա ԵՄ համար Կիևի շրջադարձը դեպի Մոսկվա ցավալի անհաջողություն է: Բրյուսելում տեղյակ են Ուկրաինայի բարդ տնտեսական վիճակից: ԵՄ երկրները պատրաստ են օգնել երկրի քաղաքական ու տնտեսական կայունացմանը, այդ թվում ԵՄ-ից էներգամատակարարումների շնորհիվ: Չէ որ միայն այդ դեպքում Ուկրաինան մի օր կկարողանա Մոսկվայից ինքնիշխան ու անկախ գործել: Հիմա նա անկախություն չունի: Ուստի Ուկրաինայի եվրոպական նախագիծն անհաջողության մատնվեց և հազիվ թե հաջովի մինչև վիլնյուսյան գագաթնաժողովի մեկնարկն այն կրկին կյանքի կոչել: Ըստ ամենայնի, տեսանելի ապագայում Ուկրաինայի ապագան կանխորոշելու էՌուսաստանը: Կիևը դառնում է Կրեմլի կրտսեր գործընկերը»,- ասել է փորձագետը, գրում է «Թուրանը»:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: