Հայ գերու մայրը նախագահին խնդրում է Ալիևի հետ հանդիպմանն արծարծել նաև իր որդու հարցը

Հայ գերու մայրը նախագահին խնդրում է Ալիևի հետ հանդիպմանն արծարծել նաև իր որդու հարցը

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները նոյեմբերի 25-ին այցելել են Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանին: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով, հանդիպմանն ընտանեկան հաղորդագրություններ են փոխանակվել: Այսօր արդեն ԿԽՄԿ երևանյան գրասենյակում Ինջիղուլյանի հարազատները ստացել են իրենց որդու նամակը:

«Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը տեղադրել է բաց նամակ-դիմումի տեքստը, որն երեկ գերեվարված զինվորի մայրը հասցեագրել է նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանում նա նշել է, որ Հակոբն առողջական խնդիրներ ունի ու «նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան»:

«Գիտեմ, որ առանց այդ էլ թե պաշտպանության նախարարությունը, թե ամբողջ պետությունը ցանկություն ունեն անելու առավելագույնը: Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք… Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը: Հակոբը միայն իմ որդին չէ, այլ` հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը: Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ»,- ասվում է նամակում. մայրը նաև նախագահին խնդրում է հնարավորության դեպքում Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանն արծարծի նաև Հակոբի հարցը:

Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---