«Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում հավաքվել է 22,6 մլն դոլար

«Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում հավաքվել է 22,6 մլն դոլար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 22 մլն 661 հազար 371 դոլար: Դա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 1,2 մլն դոլարով: Հեռուստամարաթոնն ավանդաբար անցնում է Երախտագիտության օրը:

Հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, երկարությունը 115 կմ է: Այն անմիջական ազդեցություն կունենա հարակից 30 գյուղերի զարգացման վրա: Նախագծի արժեքը կազմում է 30 մլն դոլար, ավարտից հետո ճանապարհը կկապի Հայաստանի արևելյան շրջաններն ու Լեռնային Ղարաբաղը:

Ճանապարհն ունի նաև տնտեսական և հումանիտար նշանակություն, քանի որ մայրուղու շահագործմամբ ճանապարհը դեպի Արցախ կկրճատվի երկու անգամ:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հագեցած է լինելու լուսային ցուցանակներով, եղանակի հսկման սարքերով (ձյուն, մառախուղ), ինչպես նաև կպտանեշվի քարերի հնարավոր անկումից պաշտպանելու համար: Շինարարության ընթացքում կվերակառուցվի 16 կամուրջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...): Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում: 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը (Գորիս- Ստեփանակերտ, Արցախում` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղիները և այլն):

Նոյեմբերի 25-ին Եվրոպայում անցկացված հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքվեց 1,460 մլն եվրո, ինչը 4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հավաքված միջոցները կուղղվեն Ղարաբաղ, ինչպես նաև Սիրիայում հայկական դպրոցների վերականգնմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---