13 ապրիլի 2006 - 13:55 AMT
Այսօր Հունգարիայի դատարանը կհրապարակի Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը
Այսօր Բուդապեշտի դատարանը կհրապարակի ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը, որը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Մարտի 4-ին կայացած վերջին դատական նիստի ժամանակ հունգարացի դատախազը Ռամիլ Սաֆարովի համար պահանջեց ցմահ բանտարկություն, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարեց, որ սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ սպառնալիք է Հունգարիայի ազգային անվտանգությանը: Նա նաեւ ընդգծեց, որ հանցագործության պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Գաբրիելա Կասպարը հավելել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ կատարվել է ազգային հողի վրա:

Հիշեցնենք, որ որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: