13 ապրիլի 2006 - 14:03 AMT
Երեւանում տեղի կունենա «Փրկարար 2006» զորավարժությունների պլանավորման եզրափակիչ համաժողովը
Զորավարժությունները, որ անցնելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, տեղի կունենան այս տարվա հուլիսի 12-28-ը: Ապրիլի 19-21-ը Երեւանում կկայանա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Փրկարար-2006» զորավարժության վերջնական պլանավորման համաժողովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Զորավարժությունն անցնելու է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 12-28-ը, որին նախատեսվում է 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցություն: Զորավարժությունը կրում է հրամանատարաշտաբային բնույթ եւ ուղղված է բնական եւ տեխնածին աղետների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպմանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը: