2 դեկտեմբերի 2013 - 14:41 AMT
Սեվաստոպոլի քաղխորհրդի պատգամավորը ռազմական օգնություն է խնդրում Պուտինից

Սեվաստոպոլի քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Սմոլյանինովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի իշխանություններին:

Սմոլյանինովը խնդրում է Պուտինին համաձայնեցնել Ուկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանի ռազմական ուժերի մուտքի վերաբերյալ հարցը՝ հայտարարելով, որ Ուկրաինային պաշտպանություն է հարկավոր ԱՄՆ բանակից ու ՆԱՏՕ-ի զորքերից, հայտնում է ВВС-ին:

Ստորագրահավաքը խնդրագրի օգտին ընթանում է «Սեվաստոպոլի վեչե» տարածաշրջանային սոցցանցում, այժմ այդ կայքն արգելափակված է:

Սպիտակ տան կայքում խնդրագիր է զետեղված. «Ուկրաինան ռազմական աջակցություն է խնդրում բռնատիրության դեմ»,-ասվում է խնդրագրում: «Նոյեմբերի 30-ին ուկրաինացի հատուկջոկատայինները դեմ դուրս եկան խաղաղ ցուցարարներին…Ուկրաինացիները ռազմական օգնություն են խնդրում բռնատիրության դեմ»,-նշում են հեղինկաները: Հրապարակման օգտին քվեարկել է մոտ 88 հազար մարդ: Եթե խնդրագիրը 100 հազար ձայն հավաքի, Սպիտակ տունը պարտավոր կլինի այն քննել:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից, «Բերկուտի» մարտիկների վահաններից, ամանորյա տոնածառի մասերից, որը այդպես էլ չհասցրեցին հավաքել, և ձեռքի տակ եղած այլ իրերից:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար: