2 դեկտեմբերի 2013 - 21:11 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանն ամենակարճ ճանապարհն է դեպի Իրանի ու Պարսից ծոցի երկրների շուկա

Գյումրին այսօր իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում իր ելույթը սկսել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այստեղ՝ Գյումրիում է «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմին զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը: Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ է ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը: Շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի և միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը»,- նկատել է նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ փոփոխվող աշխարհում նոր մոտեցումներ են պահանջվում, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը:

«Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարությունից, սակայն արդեն հսկայական աշխատանք է կատարված: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են ՄՄ երկրների միջև փոխհարաբերություններում:

Երկրի ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը մեծ ներուժ ունի ՏՏ, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում, իսկ վերջերս «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացել օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար: Նախագահը նշեց նաև, որ Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար:

«Ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված»,- ացել է նախագահ Սարգսյանը՝ առանձնացնելով «Գազպրոմի», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության, ՎՏԲ բանկի, «Ռոստելեկոմի», «Ռուսական երկաթուղիների», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի ու «ՄՏՍ»-ի գործունեությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում հատուլ տեղ է զբաղեցնում միջտարածաշրջանային գործակցությունը, նշել նաև, որ միջպետական մակարդակում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները դրա արդյունավետության բարձրացման համար:

Անդրադառնալով միջտարածաշրջանային գործակցության մյուս ոլորտներին, նախագահն առանձնացրել է մշակույթը, մասնավորապես՝ Գյումրիի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու փաստը: Կրթական որոլտում գոհունակությամբ նշեց Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու փաստը: Ելույթի ավարտին ՀՀ նախագահը նշեց, որ նոր սերունդը պիտի շարունակի հայ-ռուսական փոխգործակցությունը, ինչպես նաև զարգացնի այն նոր նախաձեռնություններով:

«Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական և երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: