13 ապրիլի 2006 - 17:19 AMT
Ախալքալաքի բնակչությունը գործազուրկ չի մնա ռուսական զորքերի դուրս բերումից հետո
Վրաստանի իշխանությունները հստակ ծրագիր են պատրաստել Ախալքալաքի բնակչության աշխատանքի տեղավորման վերաբերյալ, որը կսկսի գործել ռուսական զորքերի դուրս բերման գործընթացին զուգահեռ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նրա խոսքերով, իշխանությունները հստակ ծրագիր ունեն այն կապակցությամբ, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի ռուսական ռազմակայնում աշխատող բնակչությունը գործազուրկ չմնա ռազմակայանի դուրս բերումից հետո:

«Չնայած մի շարք ուժեր ջանում էին օգտագործել տեղական բնակչությանը ռուսական ռազմակայանի դուրս բերման դեմ բողոքելու համար , բնակչության մեծամասնությունը ըմբռնումով մոտեցավ Վրաստանի պետական շահերին»,- ասել է Նինո Բուրջանաձեն: Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ «Հազարամյակի մարտահրաներներ» ծրագրի շրջանակներում Ամերիկայի կողմից Վրաստանին տրամադրվող դրամաշնորհի մեծ մասը օգտագործվելու է հենց Ախալքալաքի վերականգնման համար, հաղորդում է Civil.Ge-ն: