14 ապրիլի 2006 - 14:07 AMT
Մոսկվայում կանցնեն մի շարք միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին
Ապրիլին Մոսկվայում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀԱԵ Արարատյան (հայրապետական) թեմում, այսօր Ռուսաստանի հասարակական-քաղաքական կենտրոնում «Միտք» Հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի հետ: Հանդիպմանը կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանությունը որպես մարդկայնության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, Թուրքիայի կողմից այդ հանցագործության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը, Ցեղասպանության հետեւանքների արդարացի վերացման ուղիները, Հայ Դատի լուծումները միջազգային իրավունքի հիման վրա: Ապրիլի 15-ին Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային խորհրդի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա հայ երիտասարդության հանդիպումը հայտնի իտալացի գրող, Հայաստանի պատմության, Հայ եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքերի հեղինակ Ջովաննի Գուայտաի հետ: Հանդիպման ծրագրով նախատեսվում է եզակի մուլտիմեդիական սկավառակի շնորհահանդեսը` սկավառակի մեջ ընդգրկվել են փաստաթղթեր, լուսանկարչական եւ տեսանյութեր Հայոց ցեղասպանության մասին, հարցեր եւ դրանց պատասխանները:

Ապրիլի 22-ին տեղի կունենա սգո արթնություն: Ակցիան անց է կացվում արդեն երկրորդ անգամ: Դրա նպատակն է հասնել մարդկության դեմ այդ հացագործության համընդհանուր դատապարտմանը` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը եւ կանխելու համար նման ոճրագործություններն ապագայում:
Ապրիլի 24-ին պսակներ կդրվեն «Սուրբ Հարություն» հայկական եկղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: «Սուրբ Հարություն» հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրասը:

Բացի այդ, ապրիլի 24-ին հանրահավաք տեղի կունենա թուրքական դեսպանատան առջեւ: Ակցիայի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, «Միտք» Հայ երիտասարդների միությունը, Հայկական երիտասարդական ասոցիացիաների Համակարգող խորհուրդը:

«Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 24-ի երեկոյան Մոսկվա քաղաքի «Էրմիտաժ» այգում տեղի կունենա բելգիական «Արաքս» խմբի բարեգործական համերգը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգի նպատակն է Ռուսաստանի հանրային եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստին սեւեռել, ինչպես նաեւ նպաստել հայկական համայնքի, հատկապես երիտասարդության համախմբանը: