Հերթական ադրբեջանցի գրոհայինն է սպանվել Սիրիայում

Հերթական ադրբեջանցի գրոհայինն է սպանվել Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Ասկերովը: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին տեղեկությունը ստացվել է «Իրաքի և Շամայի իսլամական պետություն» զինյալ խմբավորումից: Ասկերովը համարվում էր խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիների գաղափարախոսը: Սաուդյան Արաբիայի Մեդինայի Իսլամի համալսարանն ավարտած Ասկերովը 20 տարեկանից կռվել է կրոնական խմբավորումների կազմում տարբեր իսլամական երկրներում: Հայտնի է նաև, որ Ասկերովը Ադրբեջանում 4 տարի բանտում է նստել:

Վերջերս ԶԼՄ-ները հայտնեցին Սիրիայում ադրբեջանցի գրոհայինների մահվան մի քանի փաստերի մասին: Ապրիլին թուրքական կայքերը հայտնեցին, որ Սիրիայում արդեն 30 ադրբեջանցի գրոհային է սպանվել: Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսի, Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են մոտ 300 ադրբեջանցի իսլամիստներ:

Միջազգային ահաբեկչության ու Ադրբեջանի կապերը սկիզբ են առնում 1990-ականներից: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, անհաջողություն կրելով ԼՂՀ դեմ ագրեսիայում, նահանջում էր՝ կորուստներ կրելով: Փորձելով փրկել իրավիճակը, այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պայքարում ներառեց նաև միջազգային ահաբեկիչների ու ծայրահեղական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդդին Հեկմաթիյարի խմբավորում), Թուրքիայից («Գորշ գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի խմբավորումներ և այլն) և այլ շրջաններից:

Չնայած հազարավոր օտարերկրացի վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությանն ադրբեջանական բանակի կազմում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, ադրբեջանական ագրեսիան անհաջողության մատնվեց ու Բաքվի իշխանությունները ստիպված եղան հրադադար կնքել ԼՂՀ ու Հայաստանի ներկայացուցիչների հետ: Իսկ միջազգային ահաբեկիչները, կապեր հաստատելով Ադրբեջանում, օգտվեցին դրանից նաև հետագայում: Ադրբեջանցիներն անդամագրվում էին ու հետո կռվում Աֆղանստանում ու Հյուսիսային Կովկասում միջազգային կոլիացիայի կամ ռուսական ուժերի դեմ:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական գործողություններին Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում: Ադրբեջանում այդ անձինք քրեական պատասխանատվության են կանչվում «Աֆղանստանում ապօրինի զինված կազմավորումներին անդամակցելու համար», սակայն դատապարտվում են ազատազրկման աննշան ժամկետների:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---