14 ապրիլի 2006 - 16:13 AMT
ԱՄՆ-ն ընդունել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյության փաստը
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն առաջին անգամ խոստովանել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը, որտեղ պահվում են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի գրոհայինները: «Թայմ» հանդեսին եւ «Վաշինգտոն փոսթ» թերթին տված հարցազրույցում Ջոն Նեգրոպոնտեն հաղորդել է, որ այդ բանտերում պահվում են «Ալ-Ղաիդայի» շուրջ 30 ամենամոլի ահաբեկիչները: Նրա խոսքերով, նրանք բանտարկության մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ շարունակվում է պատերազմը ահաբեկչության դեմ:

Հիշեցնենք, որ ԿՀՎ գաղտնի բանտերի գոյության մասին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարվա սեպտեմբերին «Վաշինգտոն փոսթ» թերթում: Ըստ թերթի, ԿՀՎ-ն կարեւոր կասկածյալներին պահում է բանտային կենտրոնների գաղտնի ցանցում, որոնք գտնվում են այլ երկրներում, որտեղ կալանավորներին կտտանքների են ենթարկում: Ավելի ուշ Եվրախորհրդարանը հատուկ հանձնաժողով ստեղծեց գաղտնի բանտերի գոյության փաստի ուսումնսաիրության նպատակով: Հանձնաժողովը եկավ այն եզրկացության, որ ԿՀՎ ինքնաթիռ-բանտերը, որոնք ահաբեկչության համար կասկածյալներին էին տեղափոխում, հարյուրավոր թռիչքներ են կատարել Եվրոպայի վրայով: Բոլոր այդ ինքնաթիռները միջանկյալ վայրէջքներ են կատարել եվրոպական օդանավակայաններում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում: Այստեղից կալանավորների մի մասը տեղափոխվում էր երրորդ երկրներ, որտեղ չի գործում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի իրավասությունը: Ուստի նրանց հանդեպ կարելի էր կիրառել ոչ մարդասիրական վերաբերմունք:

Ըստ Եվրախորհրդարանի ներկայացուցչի, թռչող բանտերի ուղեւորների քանակը հաշվվում է հարյուրներով, եթե ոչ հազարներով: Սակայն գտնել նրանց շատ դժվար է: Նրանց մեծ մասը մինչ այժմ գտնվում է բանտարկության մեջ, շատերը հեռացել են կյանքից: Նշենք, որ պատգամավորական հանձնաժողովի եզրակացությունները համընկնում են նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների հետ, մասնավորապես «Amnesty International»-ի տվյալների հետ: Այդ կազմակերպության զեկույցում ասվում է այն ավիաչվերթերի մասին, որոնցով միջազգային իրավունքի տեսակետից ապօրինաբար, ամերիկյան հատուկ ծառայությունները ահաբեկչության համար կասկածյալներին տեղափոխել են գաղտնի բանտեր, որտեղ կիրառվում են կտտանքներ եւ ոչ մարդասիրական վերաբերմունք է կալանավորների հանդեպ, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»: