Եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաները Կիևում

Եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաները Կիևում

PanARMENIAN.Net - Կիևում երրորդ շաբաթն է շարունակվում է բողոքի ակցիան ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Դեկտմեբրի 9-ին եվրաինտեգրման կողմնակիցներ շարունակում են բողոքի ակցիան Մայդանում: Ցուցարարները շարասույներ են կազմավորում գլխավոր դատախազության, կառավարության ու նախագահի նստավայրի մոտ պիկետների կազմակերպման համար: Կիևում ձյուն է տեղում, ջերմաստիճանը զրոյից ցածր 3 աստիճան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Ուկրաինական ընդդիմությունը սխալ է թույլ տալիս՝ պահանջելով նախագահ Յանուկովիչի հրաժարականը, նախօրեին ասել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Նախագահն այն մարդն է, որը որոշում է կայացնում կոալիցիոն կառավարության ստաեղծման կամ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին»,-ասել է նա TVN24 եթերում:

Նախարարը հանգստության կոչ է արել կողմերին: «Ուկրաինայի վերնախավերը պատմական ընտրության առջև են: Հուսով եմ, նրանք կանցնեն այդ փորձության միջով»,-հավելել է նախարարը:

Ուկրաինացի պատգամավոր, իշխող Ռեգիոնների կուսակցության անդամ Օլեգ Ցարյովը հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պահաջելով արգելել մուտքը երկիր որոշ օտարերկրացիներին, որոքն, ըստ նրա, մասնակցում են և փորձում են ազդել Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վրա: Այդ մասին խորհրդարանականը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Իր հերթին ՈւՆԻԱՆ գործակալությունը հրապարակում է Ցարյովին վերագրվող դիմումների տեքստերը: Այդ անձանց թվում է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը Կիև էր ժամանել աջակցելու համար ցուցարարներին: Ցուցակում է նաև ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին, որին մինչ այդ Ցարյովը հիշատակել էր իր կայքում:

Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից, «Բերկուտի» մարտիկների վահաններից, ամանորյա տոնածառի մասերից, որը այդպես էլ չհասցրեցին հավաքել, և ձեռքի տակ եղած այլ իրերից:

Դեկտեմբերի 7-ին երկու ցուցարարներ փորձել են բուլդոզերով ճեղքել նախագահի նստավայրի մոտի շրջափակումը և ձերբակալվել են:

Կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, Կիևում տեղի ունեցավ երրորդ «ժողովրդական հավաքը»: Մասնակիցների մի մասը շրջափակել է կառավարական շենքերը Կիևի կենտրոնում, վրաններ տեղադրել ու բարիկադներ սարքել: Դիմակավոր անհայտ անձինք հանել են Լենինի հուշարձանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---