Փորձագետներ. Ղարաբաղն ինքնաբերաբար կմիանա ՄՄ-ին

Փորձագետներ. Ղարաբաղն ինքնաբերաբար կմիանա ՄՄ-ին

PanARMENIAN.Net - Երբ Հայաստանը պաշտոնապես դառնա Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը միավորող կազմավորման անդամ, Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո կհայտնվի Մաքսային միությունում, կանխատեսում են փորձագետները: Ինչպես հայտարարել է լրագրող և «Ռոսբալտ» լրատվական գործակալության խմբագիր Վիկտոր Յադուխան, Մաքսային միությանն Երևանի միանալուց հետո, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետեր չեն հայտնվի, ինչը փաստացի նշանակում է, որ հանրապետությունն ինքնաբերաբար միանում է այս առևտրային միությանը: Փորձագետը նշում է նաև, որ քաղաքական որոշումներ Մաքսային միությանը Ղարաբաղի անդամակցության մասին չեն լինի: «Ղազախստանն ապագայում Ադրբեջանի տարածքով էներգակիրների տարանցման հույս ունի, իսկ Բելառուսը՝ ադրբեջանական վառելիքի այլընտրանքային մատակարարումների, ուստի Մինսկն ու Աստանան դրան չեն համաձայնվի»,- հայտարարել է փորձագետը:

Քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը նույնպես գտնում է, որ Ղարաբաղը պաշտոնապես չի մտնի Մաքսային միություն, սակայն փաստացի հանրապետության առևտուրը ՄՄ անդամ պետությունների հետ կգնա հատուկ պայմաններով՝ վաճառվելով «պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշով:

Ինչպես ասվել էր ավելի վաղ, Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը վերջնականապես կհանգուցալուծի Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը: «Կարծում եմ՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ղարաբաղյան հարցը վերջնականապես կլուծվի հօգուտ Հայաստանի: Միակ բանը, որը դեռ Ղարաբաղի հարցում Ադրբեջանինինչ-որ հնարավորություն է թողնում, դա անդամակցումն է Եվրասիական միությանը: Այլ հնարավորություններ չկան: Կարելի է համարել, որ հարցը փակված է»,- մեկնաբանել է Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական միջազգային շարժման փոխղեկավար Վալերի Կորովինը, հայտնում է «Պրովէդ» լրատվական վերլուծական պարբերականը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում:

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---