ԱՄՆ Պետքարտուղարություն. Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար

ԱՄՆ Պետքարտուղարություն. Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունն Երևանում աշխատանքը սկսող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, կարող է հող ստեղծել տարածաշրջանի երկրների նախագահների երկխոսության համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում:

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր Երևանում կմասնակցի ՍԾՏՀ նիստին:

Ավելի վաղ թուրքական Hürriyet Daily News-ը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան մեծ ակնկալիքներ չունի այդ այցից՝ նշելով, որ դեռ կան շանսեր շարունակելու հայ-թուրքական երկխոսությունը:

«Այցը ջրբաժան կդառնա, քանի որ դա կլինի Դավութօղլուի առաջին այցն Երևան չորս տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողումից հետո: Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ մինչ օրս պարզ չէ, ադյոք տեղի կունենա Դավութօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը ՍԾՏՀ նիստի հետնաբեմում թե ոչ»,- գրում է պարբերականը:

«Չենք մեկնում այնտեղ կոնկրետ առաջարկով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ների վրա, առ այն, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ, նման առաջարկը կլիներ վաղաժամ ու սխալ: Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում լինի, կբացատրենք մեր տեսլականը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետո արդեն կարող են ինչ-որ քայլեր հաջորդել»,- հավելել է նա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Նախարարը մեկնում է Երևան ՍԾՏՀ շրջանակում: Հուշարձան այցելելը նրա ծրագրի մեջ չի մտնում»,- ասել են ԱԳՆ-ում: Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Քոչարյանը:

2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերություններն Երևանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով և 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---