ՏՄՊՊՀ. Ապրանքների նախատոնական թանկացում չպետք է լինի

ՏՄՊՊՀ. Ապրանքների նախատոնական թանկացում չպետք է լինի

PanARMENIAN.Net - Նախատոնական օրերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կխստացնի բարձր կոնցենտրացիայով շուկաների հանդեպ վերահսկողությունը: Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Պոտնեցիալ ռիսկային ենք համարում այն շուկաները, որտեղ գործում են քիչ թվով սուբյեկտներ: Ուստի կկենտրոնանանք հենց դրանց վրա, իսկ որտեղ տասնյակ ու հարյուրավոր ձեռնարկություններ կան, հսկողությունը շատ ուժեղ չի լինի»,- ասել է Շաբոյանը:

Արտակ Շաբոյանը նշել է նաև, որ մանրածախ վաճառքում կկանխվեն ոչ միայն չհիմնավորված թանկացումները, այլև անբարեխիղճ գովազդային ակցիաները: «Ընկերությունները կպատժվեն, եթե ակցիաների և զեղչերի մասին հայտարարությունները չհամապատասխանեն իրականությանը»,- ասել է նա, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ապրանքների նախատոնական թանկացումներ լինում են, քանի որ տնտեսվարող սուբեյկտները ցանկանում են գերշահույթ ստանալ՝ բարձրացնելով իրենց ապրանքների գները:

Նախօրեին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն նախագահ Բաբկեն Պիպոյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Ամանորին ընդառաջ հնարավոր են թանկացումներ հատկապես պտուղ-բանջարեղենի շուկայում, իսկ մսամթերքը չի թանկանա:

Ամանորի զեղչերի մասով մասնագետը նշել էր, որ պետք է ուսումնասիրել այս ոլորտը, քանի որ մի շարք խանութներում դրանք իրական չեն:

2013-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների արձանագրված 1.8% աճը հիմնականում ձկնամթերք, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբերի` 3.3-22% գնաճի արդյունք է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2013-ի նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Ձվի հանրապետական միջին գինն այս նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ աճել է 30%-ով, իսկ այս հոկտեմբերի համեմատ` 0.1%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013-ի նոյեմբերին՝ նախորդ նոյեմբերի համեմատ նվազել է 16.9%-ով, իսկ ակս հոկտեմբերի համեմատ` 1.5%-ով:

2013-ի հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 5,8 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 12-ամսյա կտրվածքով գնաճը նոյեմբերին կազմել է 6,6 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---