17 ապրիլի 2006 - 16:39 AMT
Կիեւի բնակիչները բողոքում են հայկական եկղեցու կառուցման դեմ
1992 թվականին Կիեւի իշխանությունները որոշել էին տարածք հատկացնել Ուկրաինայի հայությանը` թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինարարության համար: Երկու տարի առաջ որոշվեց 1022 քառակուսի մետր տրամադրել 50-հազարանոց հայ համայնքին քաղաքի ամենահայտնի պատմական շրջաններից մեկում` Պոդոլում, քաղաքապետարանի կողմից տարիներ շարունակ անուշադրության մատնված այգում: Համայնքը հավաքեց անհրաժեշտ գումարը, պատվիրեց նախագիծ եւ վերջապես սկսեց շինարարությունը, սակայն ապրիլի 12-ի երեկոյան Պոդոլի բնակիչները քանդեցին շինհրապարակը շրջապատող ցանկապատը` հայտարարելով, որ «թույլ չեն տա իրենց կանաչ հանգստյան գոտում ինչ-որ բան կառուցել»: Ըստ Կիեւի ինտերնետային թերթերից մեկի, բնակիչներն այս կապակցությամբ վստահեցնում են, թե «այգին չի կարելի քանդել, եւ որ իրենց համար նշանակություն չունի` հայեր են, մահմեդականներ, թե ուկրաինացիներ»: «Անգամ հրեաները, ովքեր վաղուց են բնակվում Պոդոլում, չկառուցեցին այստեղ սինագոգ, թեեւ այդպիսի գաղափար կար», - թերթին ասել է բնակիչներից մեկը:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը իր վրդովմունք է հայտնել կատարվածի առնչությամբ` ասելով, որ «պատրաստ է պաշտպանել հայության շահերը դատական բոլոր ատյաններում, քանի որ համայնքը ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, շինարարությունը նախապատրաստելու եւ սկսելու համար արդեն իսկ մեծ գումար է ծախսվել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: