18 դեկտեմբերի 2013 - 11:43 AMT
ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել «Ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ու եվրոպական ձգտումների ու սեփական ընտրությունն առանց ահաբեկման ու վախի կատարելու իրավունքի» բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը: Այս մասին ասվում է կոնգրեսականի կայքում:

Նախագծում մի շարք դրույթներ կան, այդ թվում նաև հորդոր, ուղղված Ուկրաինայի իշխանություններին հարգել քաղաքացիների իրավունքները, որոնք փողոց են դուրս եկել: Բացի այդ, Էնգելը անհրաժեշտ է համարում պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ով ուժ է գործադրել ցույցերը ցրելիս:

Բանաձևում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ստանձնում են ջանքեր, ուղղված Ուկրաինայում դիմակայության խաղաղ կարգավորմանը՝ նրանք ողջունում են ժողովրդի ձգտումը մերձենալ Եվրոպային և կսատարեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Եթե իշխանությունները կրկին բռնություններ թույլ տան, «Ներկայացուցիչների պալատը կարող է նպատակային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ով հրամաններ է արձակում ուժի կիրառման մասին», նշում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

Ավելի վաղ ԱՄՆ սենատորներն այցելեցին Ուկրաինա: Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը սենատորներ Ջոն Մաքքեյնի ու Քրիսթոֆեր Մերֆիի հետ: Նախագահը հավաստիացրեց , որ ուկրաինացիների խաղաղ բողոքի իրավունքը կապահովվի: «Բոլոր քաղաքական տարբերակներն, այդ թվում պատժամիջոցների սահմանումը, քննարկվում են, սակայն դեռևս մենք միայն գնահատում ենք այս կամ այն միջոցների կիրառման անհրաժեշտությունը»,-ավելի վաղ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեյն Փսակին՝ չճշտելով, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

ԱՄՆ և եվրոպացի քաղաքական գործիչների այցերը ռուսական կողմը զգուշավորությամբ է ընկալում: Վարչապետ Մեդվեդևը նշել է, որ դա «կոպիտ միջամտություն է Ուկրաինայի ներքին գործերին»:

ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը չի պարտադրում Կիևին ընտրություն կատարել Մոսկվայի ու Բրյուսելի միջև: Այդ մասին հայտարարել է ԵՄ հարևանության քաղաքականության գծով Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն: «Այլ կերպ ասած, եթե բանակցությունները Մոսկվայում նպատակ ունեն կարգավորելու առևտրային հարաբերություններն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև երկուստեք շահավետ պայմաններով և եթե այդ համաձայնությունները համահունչ են ուկրաինացիների ԵՄ հետ նախաստորագրված ասոցացման մասին համաձայնագրին, ապա նման զարգացումը կարելի է միայն ողջունել»,-ասել է Ֆյուլեն:

Նա նշել է, որ դեռ պետք է տեղեկենալ, թե ինչի մասին են պայմանավորվել Ուկրաինան ու Ռուսաստանը Մոսկվայում: Մամլո ասուլիսին մասնակցող ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը հավելել է, որ հատուկ հետաքրքրվել է, և նրան իրազեկել են, որ 14 համաձայնագրերից ոչ մեկը, որ ստորագրվել է Մոսկվայում, չի հակասում ԵՄ հետ մերձենալու Ուկրաինայի պլաններին, հայտնում է «Ինտերֆաքսը»: