«ՀայՌուսգազարդը» 2014 թ. կներդնի 9,27 մլրդ դրամ և կընդլայնի Աբովյանի գազապահեստարանը

«ՀայՌուսգազարդը» 2014 թ. կներդնի 9,27 մլրդ դրամ և կընդլայնի Աբովյանի գազապահեստարանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 2014–2016թթ. 37,3 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։ Մեծածավալ ներդրումներ կարվեն գազափոխադրման համակարգի վերականգնման և արդիականացման ուղղությամբ`գործող նորմատիվային և տեխնիկական պահանջները բավարարելու նպատակով: 25,4 մլրդ դրամը կներդրվի գազափոխադրման համակարգում և մոտ 12 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:

Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումները 2014թ. 9,27 մլրդ դրամ կկազմեն, որից գազաբաշխիչ ցանցում ընկերության կողմից իրականացվող ներդրումները 2014թ. կկազմեն շուրջ 5,74 մլրդ դրամ, իսկ գազատրանսպորտային հակարագում՝ 3,53 մլրդ դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը նշել է, որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը լինելու են ընկերության սեփական միջոցները, ինչպես նաև փոխառությունները:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար ներդրումները 2014թ. կկազմեն 993 մլն դրամ, որի շրջանակում կշարունակվեն գազապահեստարանի ներուժի վերակառուցման և ընդլայնման միջոցառումները, նախատեսվում են միջոցառումներ նոր գազահորի շինարարության, ինչպես նաև գործող հորերի ծավալների մեծացման ուղղությամբ մինչև 23 մլն խմ գազ տարողությամբ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ծավալը հասցվել է մինչև 140 մլն խորանարդ մետր գազի: 2013թ. ընկերությունն աշխատանքներ է իրականացրել Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման համար հորերի թվի ավելացման ուղղությամբ, ինչի համար 533 մլն դրամ է հատկացվել։ Գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա բնակչությանը կայուն գազամատակարարում ապահովել նույնիսկ վթարային անջատումների դեպքում։

Գազաբաշխիչ ցանցում ընկերության կողմից իրականացվող ներդրումները 2014թ. կկազմեն շուրջ 5,74 մլրդ դրամ, ինչը թույլ կտա համակարգին միացնել 9 հազար նոր պոտենցիալ բաժանորդի: Ընկերությունն ունի մոտ 649 հազար բաժանորդ և ակնկալվում է, որ նախատեսվող աշխատանքների արդյունքում այդ թիվը կհասնի 658 հազարի:

2005 թվականից ի վեր գազաբաշխիչ ցանցի արդիականացման համար ներդրվել է շուրջ 7 մլրդ դրամ, իսկ 2014-ին նախատեսվում է համակարգի մասնակի արդիականացում:

Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։

Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---