Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր չեն տրվի

Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր չեն տրվի

PanARMENIAN.Net - 2014-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր այլևս չեն տրվի, դրանք կփոխարինվեն նույնականացման քարտերով: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, հին նմուշի անձնագրերը գործելու են ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս մինչև վավերացման ժամկետի ավարտը, իսկ մինչև այդ քաղաքացիները, եթե չեն ցանկանում, կարող են չօգտվել կենսաչափական անձնագրերից և նույնականացման քարտից:

Հունվարի 1-ից հին նմուշի անձնագրեր կստանան միայն այն քաղաքացիները, որոնց փաստաթուղթը տրվում է ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Մասնավորապես, այդ խմբին են դասվում մինչև 16 տարեկան երեխաներն ու նախազորակոչային տարիքի՝ 16-18 տարեկան երիտասարդները:

Նույնականացման քարտում կլինեն քաղաքացու անկետային բոլոր տվյալները, էլեկտրոնային ստորագրությունն և հանրային ծառայության համարանիշը, որը ստանալու համար հարկ կլինի վճարել 3000 դրամ: 16 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են նույնականացման քարտ ստանալու, և աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին նույնականացման քարտը կհատկացվի անվճար:

Անդրադառնալով կենսաչափական անձնագրերին՝ Նորայր Մուրադխանյանը նշել է, որ դրանք նախատեսվածեն Հայաստանից դուրս մեկնելու համար: Որոշ ժամանակ անց կլինեն երկրներ, որոնք թույլ չեն տա իրենց երկիրմուտք գործել առանց կենսաչափական անձնագրի: Դրա կիրառումը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ավելի ազատ տեղաշարժվել արտերկրում և կհեշտացնի եվրոպական երկրների մուտքի արտոնագրերի ստացումը: Կենսաչափական անձնագրերի համար պետք է վճարել 25 հազար դրամ:

Նույնականացման քարտերն ու կենսաչափական անձնագրերը հնարավոր կլինի ստանալ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ 5 հազար դրամ մուծելու դեպքում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Այսօրվա դրությամբ մոտ 91 հազար քաղաքացիներ նույնականացման քարտեր են ստացել, իսկ 4,5 հազարը՝ կենսաչափական անձնագրեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---