19 դեկտեմբերի 2013 - 16:31 AMT
ՀԿԵ ղեկավար. 2014-ը հայկական երկաթուղու համար հազիվ թե շահութաբեր լինի

2013 թվականի տվյալներով «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ զարգացման համար ներդրել է շուրջ 7,6 մլրդ ռուբլի կամ 100 մլրդ դրամ: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երևանում կայացած ամփոփիչ ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա, նշված գումարը կազմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին հրապարակված գումարի (մոտ 15 մլրդ ռուբլի) կեսը: Ներդրումներն ուղղվել են հիմնականում ենթակառուցվածքի վերականգնմանը, օբյեկտների արդիականացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի 2014 թ. ներդրումային ծրագրի ծավալը կկազմի 6.3 մլրդ դրամ:

Ըստ նրա, 2013 թվականն ընկերությունը վնասով չի փակի, իսկ «2014-ը հազիվ թե շահութաբեր լինի»: «ՌԵՈւ»-ն, միջոցներ ներդնելով Հայաստանում, շահութաբերություն չի կարող ակնկալել, և ստացվում է, որ բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները տարվում են բացառապես հայ-ռուսական ռազմավարական համագործակցության շրջանակում»,-ասել է նա:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: