20 դեկտեմբերի 2013 - 11:43 AMT
Ուկրաինայում կրկին անհանգիստ է

Վիկտոր Յանուկովիչը չի առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում, եթե նրա վարկանիշը ցածր լինի: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Միևնուն ժամանակ նախագահը կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերին: Կիևի Մայդանում հանրահավաքները շարունակող ուկրաինացիները վճռական են տրամադրված: Նրանք պահանջում են կառավարության ու նախագահի անհապաղ հրաժարականը: Եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են ամրացնել բարիկադները մետաղական կոնստրուկցիաներով: Օր ու գիշեր Ուկրաինայի գլխավոր հրապարակում մի քանի հազար մարդ կա:

Ընդդիմությունը կրկին կասկածում է Յանուկովիչին Մայդանի ճամբարը ուժով ցրելու մտադրության մեջ: Մինչդեռ, Խարկովի շրջանի նահանգապետ Միխայիլ Դոբկինը կոչ է արել զրկել Կիևը մայրաքաղաքի կարգավիճակից: «Հարցում՝ Կիևի բնակիչները սատարում են Մայդանին: Նշանակում է սատարում են նաև փլուզմանը: Պետք է մայրաքաղաքը տեղափոխել Խարկով, ինչպես 1919 թվականի դեկտեմբերի 19-ին»,-գրել է պաշտոնյան իր Twitter-ում: Խարկովը Ուկրաինայի մայրաքաղաքն է եղել 1919-1934 թթ.: Միխայիլ Դոբկինը, որը ներկայացնում է իշխող Ռեգիոնների կուսակցությունը, բազմիցս է քամահրանքով արտահայտվել բողոքի ակցիաներին մասնակցող ընդդիմության կողմնակիցների մասին: Ավելին, երբ ազգայնականները վայր իջեցրին Լենինի արձանը, նահանգապետը հայտարարեց, որ դրամահավաք է սկսում հուշարձանը վերականգնելու համար: Անձամբ իր կողմից նա խոստացավ 50 հազար գրիվնա (մոտ 200 հազար ռուբլի): Դոբկինը զբաղեցնում է նահանգապետի պաշտոնը 2010 թվականից: Դոբկինն Ուկրաինայի սահմաններից դուրս ճանաչում ստացավ 2007 թվականին, երբ համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ Դոբկինը, որն այն ժամանակ Խարկովի քաղաքապետն էր դիմում էր ընտրողներին, ընդ որում նրա դիմումի մեջ գերակշռում էր ոչ նորմատիվ բառապաշարը:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հորդորել է օտարերկրյա պետություններին չմիջամտել ներքաղաքական գործընթացներին: «Վերջերս որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների պաշտոնյաներ փորձում են անմիջական մասնակցություն ունենանլ Ուկրաինայի ներքաղաքական գործընթացներին: Մենք հորդորում ենք մեր արտասահմանցի գործընկերներին օբյեկտիվ մնալ ու անաչառ, զուսպ լինելով հրապարակային գնահատականների մեջ, ղեկավարվել միջազգային իրավունքի հիմնարար նորմերով»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար: