23 դեկտեմբերի 2013 - 12:33 AMT
Հոմսում և Հալեպում 35 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ

Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է դպրոցի մոտ սիրիական Հոմսում, ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ, այդ թվում 5 դպրոցականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը AP վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել դպրոցի շենքի մոտ Ում Ալ Ամեդ բնակավայրում:

Իսկ Հալեպում գնդակոծության հետևանքով 25 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ըստ իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights-ի, Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի շուկան: Զոհվածների թվում 6 երեխա կա, 17 մարդ կրիտիկական վիճակում է:

«Տասնյակ մարդիկ սպանվել են կամ վիրավորվել»,-մեջբերում է կազմակերպության հայտարարությունը France Press-ը:

Սիրիական իշխանություններն ու զինվորականները չեն մեկնաբանել գնդակոծությունը: Վերջերս Հալեպը դարձել է մարտական գործողությունների ասպարեզ կառավարական ուժերի ու զինյալների միջև:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Այս շաբաթ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հրապարակել է Լոնդոնի Ծայրահեղականության ուսումնասիրության միջազգային կենտրոնի տվյալները, որոնց համաձայն 2011թ. մարտին սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 11 հազար գրոհային աշխարհի գրեթե 70 երկրներից: