Ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարը՝ վիրավորելով երկու զինծառայողի

Ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարը՝ վիրավորելով երկու զինծառայողի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Կարապետյանը: Վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Դեկտեմբերի 14-ին հակառակորդի գնդակոծության արդյունքում զոհվեց ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը:

Ինչպես ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում, նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այս ամբողջ ընթացքում հայկական կողմը չի արձակել ոչ մի կրակոց:

«Դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում 2012 թվականի դեկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 914 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:

Նոյեմբերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7:

Հոկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---