24 դեկտեմբերի 2013 - 16:18 AMT
Երևանի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրելուց առաջ Նազարբաևը պարզաբանումներ է պահանջում Ղարաբաղի վերաբերյալ

Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով. նա նախևառաջ պահանջում է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված ՄՄ սահմանի հարցը: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, կարծում եմ, այն կարելի է ընդունել: Միևնույն ժամանակ բաց է մնում հարցը, թե որտեղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ: Ուստի մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որը կշարադրվի»,- ասել է Նազարբաևը: Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն հարցի լուծումը:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն է երկրների ղեկավարների մակարդակով:

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազաստանի նախագահները քննարկում են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մինչև 2015 թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության կազմավորման աշխատանքների ընթացքը: Քննարկվելու են նաև եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի ու Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման ու իրականացման հարցերը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը պիտի ստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում: