ՄԱԿ-ը մոտ 200 պաշտոն կվերացնի բյուջեի կրճատման պատճառով

ՄԱԿ-ը մոտ 200 պաշտոն կվերացնի բյուջեի կրճատման պատճառով

PanARMENIAN.Net - ՄԱԿԳլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 28-ի կայացած քվեարկության արդյունքում հաստատել է համաշխարհային կազմակերպության 2014-2015 թթ. բյուջեն: Այն կկազմի 5,5 մլրդ դոլար: Դա մեկ տոկոսով քիչ է, քան նախորդ տարի:

Նոր բյուջեն ՄԱԿ գոյության ընթացքում առաջին անգամ նախատեսում է աշխատատեղերի 2-տոկոսանոց կրճատում: Այդպիսով, շուրջ 200 պաշտոններ կվերացվեն: Ինչպես հայտարարել է ԳՎ ֆինանսական կոմիտեի 5-րդ նիստում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Թորսելը, «դանակի տակ» կհայտնվեն «ոչ պարտադիր, միմյանց կրկնող ու հնացած պաշտոնները»: Դիվանագետը հիշեցրել է, որ աշխատավարձերի աճը վերջին տարիներին ծախսերի հիմնական աղբյուրն է եղել ՄԱԿ-ում:

ՄԱԿ անդամ երկրները պայմանավորվել են նաև սառեցնել փոխհատուցումների վճարումը մեկ տարով և պարգևավճարների հատկացումը՝ երկու տարով: Նոր, առավել կոշտ ֆինանսական պլանը ընդունվել է համաշխարհային տերությունների ճնշման ներքո, որոնք միջոցների տնտեսում էին պահանջում ֆինանսական ցնցումների պայմաններում: Բյուջեի վերաբերյալ բանակցությունները հեշտ չէին անցնում, սակայն արդյունքում կողմերին հաջողվեց փոխզիջման հասնել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հաստատված բյուջեում ընդգրկված չեն խաղաղության պահպանմանն ուղղված ծախսերը: Ընթացիկ տարում՝ մինչև հունիսի 30-ը, այդ նպատակների համար կհատկացվի 7,54 մլրդ դոլար: ՄԱԿ կանոնավոր բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների անդամավճարների հաշվին: Յուրաքանչյուր պետության մասնաբաժինը հաշվարկվում է ԳՎ հաստատված բանաձևով՝ ելնելով ՀՆԱ միջին ցուցանիշից 10-ամյա ժամկետում, հաշվի առնելով մեկ շնչին ընկնող եկամուտն ու արտաքին պարտքը: Այսօր ՄԱԿ խոշորագույն դոնորը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որը փակում է կազմակերպության ծախսերի 22 տոկոսը:

Մինչդեռ Հարավային Սուդան է ժամանել առաջին աջակցող ստորաբաժանումը երկրում խաղաղապահ առաքելության նպատակով, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը: Խմբի կազմում ՄԱԿ 72 ոստիկան կա, որոնք մինչ այդ ծառայում էին Կոնգոյում:

Այժմ ՄԱԿ առաքելության քանակը Հարավային Սուդանում կազմում է մոտ 7 հազար զինծառայող: Աջակցող ստորաբաժանումը բաղկացած է 5,5 հազար խաղաղապահներից և մի քանի հարյուր ոստիկաններից: Իրավիճակը Հարավային Սուդանում սրվեց անցած շաբաթ, երբ նախագահի գվարդիան փորձեց զինաթափել մեծամասնություն կազմող նուեր ցեղախմբի ստորաբաժանումներին: Ըստ ՄԱԿ տվյալների, այդ աֆրիկյան երկրում միջցեղային բախումների հետևանքով մոտ 121 հազար մարդ ներքին տեղահանված անձ է ճանաչվել: Զոհվել է մոտ 1000 մարդ:

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարն արդեն խոսել էր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության տարածքում մոտ 6 հազար խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին:

Բացի այդ ՄԱԿ ԱԽ-ն էմբարգո է սահմանել զենքի մատակարարման համար և հատուկ հանձնաժողով է ստեղծել մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրության համար:

Գրոհայինների հետ բախումների արդյունքում վեց խաղաղապահ է զոհվել: Հինգշաբթի Պան Գի Մունը կոչ արեց կողմերին համագործակցել միջազգային ուժերի հետ: Ըստ նրա, «խաղաղապահները հակամարտության մաս չեն կազմում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---