Հունվարի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում

Հունվարի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հավանաբար, կհանդիպեն հունվարի վերջին, հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Turan-ը։ Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհավաքվեն Ժնևում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալտերի հետ կքննարկեն հանդիպման ֆորմատը։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ փետրվարից ոչ շուտ, ամեն ինչ կախված կլինի հանդիպման օրակարգի պատրաստվածությունից, տեղեկացրել է աղբյուրը։

Դեկտեմբերի 15-ից՝ 19-ը տարածաշրջան այցի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեկտեմբերի վերջին հայտարարություն էին տարածել, որտեղ «կողմերին կոչ էին անում ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կբարձրացնեն լարվածությունը, ու աշխատել բանակցությունների սեղանի շուրջ առաջընթացի մթնոլորտի պահպանման ուղղությամբ»։ Համանախագահները «մտահոգություն էին հայտնել վերջերս շփման գծում բռնությունների վերաբերյալ, որոնք խաթարում են խաղաղության հասնելու հեռանկարները»։ Համանախաագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել էին Հայաստանի, ԼՂՀ ու Ադրբեջանի նախագահներին։

Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում հանդիպումների ընթացքում քննարկվել էին նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման կոնտեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը, ինչպես նաև դեկտեմբերի 4-ին Կիևում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---