7 հունվարի 2014 - 16:28 AMT
ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը Կալիֆորնիայի խորհրդարանում է

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարան է ներկայացվել Լեռնային Ղարաբաղն որպես ինքնիշխան պետություն ճանաչող ու Միացյալ Նահանգներին այն ևս ճանաչելու կոչ անող օրինագիծը: Այն ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ամերիկայի հայկական խորհրդին:

Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն և Միավորված երիտասարդ հայերն արդեն հաստատել են, որ աջակցում են նախագծինշ:

Մայք Գաթոյի խոսքով, օրինագծի մշակման ընթացքում աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա հավելել է․ - «Հատկապես պատիվ ունեմ ներկայացնել այս օրենսդրությունը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների և սիրելիների հետ տոնում են Սուրբ Ծնունդը»:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունվելու դեպքում օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, ամերիկյան Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության բոլոր անդամներին, նշում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

2013-ին Հայլենդի Քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով Հայլենդը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն և կոչ անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և դրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, ԱՄՆ Մեն նահանգը ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի ներկայացուցիչների պալատն ու սենատը բանաձև էին ընդունել և կոչ արել ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ապրիլի 23-ին ԼՂՀ անկախությունը ճանաչել էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը, որի ղեկավարն Անդրեաս Բորջեսն է, բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե ԼՂՀ-ն հայկական պատմական և էթնիկ շրջան է, որ ընկած է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բանաձևը նաև կոչ էր անում Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը:

2012-ի օգոստոսի 6-ին ԼՂՀ անկախությունը ճանաչել էր նաև Մասաչուսեթսի Ներկյացուցիչների պալատը: