ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավար. Օբաման չէր վստահում զինվորականներին

ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավար. Օբաման չէր վստահում զինվորականներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը գիրք է գրել, որտեղ խիստ քննադատել է նախագահ Օբամային Աֆղանստանում ռազմական գործողությունների համար: «Ծառայություն. Ռազմական նախարարի հիշողությունները» գրքում Գեյթսը պնդում է, որ նախագահը թերահավատ էր իր վարչակազմի աֆղանական ռազմավարության հաջողության հարցում:

«Երբեք չեմ կասկածել, որ նա սատարում է զինվորականներին, ինչը չես ասի այն խնդիրների մասին, որ նրանք կատարում էին»,- գրում է Գեյթսը:

Թեև Գեյթսը բնութագրում է Օբամային որպես «կուռ անձնավորություն», որն իրավացի էր աֆղանական արշավանքի վերաբերյալ իր որոշումներում, նա նշում է, որ նախագահն առանձնակի խանդավառությամբ չէր վերաբերվում Իրաքում ու Աֆղանստանում ընթացող պատերազմներին, որոնք ժառանգություն էր ստացել նախորդ վարչակարգից:

Գեյթսը նաև նշում է, որ Օբաման չէր վստահում զինվորականներին, որոնք իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ էին ներկայացնում: 2011-ի մարտին, գրում է Գեյթսը, Օբաման չէր վստահում գեներալ Դևիդ Պետրեուսին, որը 2010-2011 թթ. ամերիկյան զորակազմի հրամանատարն էր Աֆղանստանում և «տանել չէր կարողանում» Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային: ԱՄՆ նախագահն «այդ պատերազմն իրենը չէր համարում»,- գրում է Գեյթսը: «Նրա համար ամբողջ հարցն այն էր, թե ինչպես այդ ամենն ավարտին հասցնել ու հեռանալ այնտեղից»:

Washington Post-ը գրում է, որ նոթերը, որտեղ կան կտրուկ արտահայտություններ և հեգնանքով լի մեկնաբանություններ, կտրուկ տարբերվում են Գեյթսի հավասարակշռված և զուսպ պահվածքից Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Պենտագոնի նախկին ղեկավարը նույնիսկ քննադատում է Սպիտակ տան վարչակազմին, որը «փորձում է ամեն ինչ վերահսկել և հաճախ միջամտում է Պենտագոնի գործերին, նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացիական անձանց գիտելիքները չեն բավարարում: Ազգային անվտանգության համար պատասխանատուները «նոր մակարդակի բարձրացրին կառավարումն ու միջամտությունը»,- գրում է Գեյթսը՝ համեմատելով Օբամայի վարչակազմի ոճը Ռիչարդ Նիքսոնի ժամանակների հետ:

Ինքը Գեյթսը խոստովանում է, որ «վստահության պակասն ու կասկածամիտ վերաբերմունքը զինվորականների հանդեպ, այդ թվում նաև նախագահի ու փոխնախագահի կողմից, մեծ խնդիր էր իր համար, քանի որ նա փորձում էր հարաբերությունները Գերագույն հրամանատարության ու զինվորական ղեկավարության միջև կարգավորել»: Այնուամենայնիվ, Գեյթսը բարձր է գնահատում է Օբամայի որոշումը Բեն Լադենի թաքնվելու վայրում գործողություն անցկացնելու մասին, թեև ինքը նախագահը «սկզբում դեմ էր դրան»:

«Դա ամենահամարձակ որոշումներից մեկն էր, որոնք երբևէ կայացրել է Սպիտակ տունը»,- գրում է նա:

Գեյթսը զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը Բուշ կրտսերի և Օբամայի օրոք՝ հեռանալով քաղաքականությունից 2011 թվականին: Նա դարձավ առաջինը, ում հաջողվեց զբաղեցնել պաշտոնը տարբեր կուսակցությունների առաջնորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---