Ըստ պատգամավորների` ալկոհոլի գովազդը նաև հեռուստաընկերությունների եկամտի հնարավոր աղբյուր է

Ըստ պատգամավորների` ալկոհոլի գովազդը նաև հեռուստաընկերությունների եկամտի հնարավոր աղբյուր է

PanARMENIAN.Net - Գիշերային ժամերին ալկոհոլի գովազդի արգելքը հանելու Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծն այսօր` հունվարի 9-ին, քննարկվել է կառավարությունում:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին: Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը նախաձեռնության վերաբերյալ իրենց մոտեցումը բացատրել է հետևյալ կերպ` «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս։ Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»,- նշել է նա:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ՀՀԿ խմբակցության անդամներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լևոն Մարտիրոսյանի, Արթուր Գևորգյանի և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագիծը նպատակ ունի բարելավելու հայաստանյան հեռուստաընկերությունների ֆինանսական ներկա վիճակը, քանի որ պատգամավորների հաշվարկով` տարեկան մինչև լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղել հեռուստատեսությունների բյուջե` նախագծում հիմնավորում են նրանք:

Հատկանշական է, որ պատգամավորների ներկայացրած տարբերակն Ազգային ժողովում գրանցվել ու պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Կառավարության ներկայացրած ծխախոտի գովազդը խստացնող նախագծի գրանցումից մեկ օր անց` 2013-ի դեկտեմբերի 11-ին ու 12-ին համապատասխանաբար:

Պատգամավորները, փաստորեն, առաջարկում են ավելի մեղմ մոտեցում ցուցաբերել ալկոհոլ արտադրողների և ներմուծողների արտադրանքի նկատմամբ` հնարավորություն տալով նրանց երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը գովազդել իրենց արտադրանքը` սպիրտի 20 և ավելի ծավալային տոկոս պարունակող ալկոհոլային խմիչքներ: Ինչպես նաև` խստացնել կանոնները կոնյակի գովազդի պարագայում, թույլ տալով գովազդել միայն տեղական արտադրության կոնյակ, մինչդեռ հիմա բացառության կարգով կարելի է գովազդել ցանկացած կոնյակ:

Պատգամավորները չեն անհանգստանում երեխաների համար, քանի որ նրանց հիմնավորման համաձայն` «նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետևաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ»:

Նրանք համոզված են, որ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, որոնք ներկայում ֆինանական միջոցներ չեն նախատեսում գովազդի համար, նախագծի ընդունումից հետո հատկացնելու են, որը ոչ միայն եկամուտ կլինի հեռուստաընկերություների համար, այլև հարկերի տեսքով կգանձվի պետական բյուջե:

Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերության ուսումնասիրության` Հայաստանում խմիչքների ներքին սպառման կառուցվածքում մեծապես գերակշռում է օղու սպառումը` 63 տոկոս, որին հետևում են գարեջուրը` 22 տոկոս, և գինին` 10 տոկոս:

Գործարար տեղեկատուներում գրանցված տվյալների համաձայն` Հայաստանում օղու, գինու, գարեջրի ու կոնյակի արտարդությամբ զբաղվում է 30-ից ավելի ընկերություն, ներմուծմամբ` ավելի քան 10-ը: Ըստ հայկական լրատվամիջոների հրապարակումների` այդ ընկերություններից զգալի մասի սեփականատերերը ներկա կամ նախկին պատգամավորներ են Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և այլ կուսակցություններից:

Օրինակ, Հանրապետական կուսակցության պատգամավորներից ոգելից խմիչքների արտադրությամբ են զբաղվում` «ՄԱՊ Արմավիրի գինու-կոնյակի գործարանի» սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը (Մապի Ալիկ), «Երևանի գարևջուր» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ), «Ալեքս-Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է պատկանում Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---