10 հունվարի 2014 - 11:07 AMT
Թուրք դատախազ. Վարչապետ Էրդողանը խաբեբա է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է դատախազ Զեքերիա Օզից, որը քննում է «Մեծ կաշառքի» գործը, կասեցնել քննությունն ու ներողություն խնդրել, հակառակ դեպքում նա սպառնացել է սպանել դատախազին: Այդ մասին հայտարարել է ինքը դատախազը: Դատախազ Զեքերիա Օզին արդեն հեռացրել են գործի վարույթից և ավելի ցածր պաշտոն տվել Ստամբուլի շրջաններից մեկում: Ինչպես գրում է Sozcu-ն, Օզը հայտարարել է. «Վարչապետ Էրդողանը խաբեբա է: Նա հայտարարել է, որ ես 22 անգամ արտասահման հանգստանալու եմ մեկնել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Եթե դա ապացուցեն, ես անհապաղ հրաժարական կտամ»:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013 թ. դեկտեմբերի 13-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ է ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: