10 հունվարի 2014 - 10:56 AMT
ԿԱՐԾԻՔ
Դավութօղլուի հայտարարությունը Սիրիայի մասին մեկ նպատակ ունի՝ Թուրքիային ներկայացնել բարենպաստ տեսանկյունից

Միջազգային ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության և Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի գրոհայինների ակտիվացումը Թուրքիայի համար սպառնալիք է, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, «օտար տարրերը» պետք է լքեն Սիրիայի տարածքը: ԱԳ նախարարը նաև նշել է, թե «Ալ Քայիդայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործոնը Սիրիայում հայտնվեց, երբ ընդդիմությունն երկրի հյուսիսում ամրապնդեց իր դիրքերը, գրում է Anadolu գործակալությունը:

«Սիրիական ռեժիմի ու ահաբեկչական կազմակերպությունների միջև կապ կա», չվարանեց նշել Դավութօղլուն: Ինչ վերաբերում է «օտար տարրերին», ապա նրանք կարող են հեռանալ Սիրիայից միայն մեկ դեպքում՝ պարտություն կրելով Ասադի զորքերի դեմ մարտերում:

Պետք է ասել, որ Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններն այն ամենի վերաբերյալ, ինչ առնչվում է Սիրիային, մեկ նպատակ ունեն՝ Թուրքիան ներկայացնել շահավետ դիրքերից, որը, իբր, բոլորից շատ է ցանկանում, որ արյունահեղությունը Սիրիայում դադարի: Բայց իրականում ամեն ինչ այլ է. Թուրքիան է մատակարարել իսլամիստ ահաբեկիչներին զենքով, դեղորայքով ու քիմիական զենքի բաղադրիչներով: Ավելին, հավանաբար, Թուրքիայի համար ձեռնտու է Սիրիայում քաղաքացիական պատերազմը, ինչը շեղում է համաշխարհային հանրության ուշադրությունը նրա խնդիրներից: Այդ ամենն ապացուցված է, և որքան էլ Թուրքիան արդարանա՝ փաստ է: Նույն Էրդողանը, որի համար, կարծես, իր մասին մտածելու ժամանակն է, Ասադինկոչ էր անում «հեռանալ, քանի ուշ չէ»: Նա Հոսնի Մուբարաքին էլ նույնն էր խորհուրդ տալիս, ի պատասխան նրան ասացին, որ չմիջամտի ուրիշի գործերին: Հիմա ստացվում է, որ Ասադը կարող է խորհուրդ տալ Էրդողանին հեռանալ, իսկ ԱԳՆ ղեկավարին չտարածել սուտ տեղեկություններ, օրինակ, այն մասին, որ Ասադն ու իսլամիստները միասին են գործում: Ուղղակի հետաքրքիր է, թե ում դեմ է ուղղված այդ դաշինքը:

Հազիվ թե սիրիացի ժողովրդի դեմ: Ինչպես արդեն նշվել է, ալևիները սունիների հետ ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ և Դավութօղլուն հիանալի գիտի այդ մասին: Իսկ եթե խոսենք կապերից, ապա սիրիական ընդդիմությունը հենց Ստամբուլում է կազմակերպում իր հանդիպումներն ու նույնիսկ կենտրոնակայան ունի: Սրանք «չափավորներն են», թեև չափավոր իսլամիստներ չեն լինում: Ջիհադիստական խմբավորումները բազաներ ունեն հենց թուրք-սիրիական սահմանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ անցած տարվա վերջում Թուրքիային ստիպեցին սառեցնել «Այ Քայիդայի» և նրա հետ կապ ունեցող խմբավորումների հաշիվները:

Մոնտրյոյում Սիրիայի գծով կայանալիք «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի շեմին Թուրքիան ամեն կերպ փորձում է ստանձնել եթե ոչ առաջատարի, ապա գոնե երկրորդ «ջութակի» դերը, քանի որ գլխավոր դերակատարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են: Մինչև հունվարի 22-ը Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-իցդեռ տարբեր հայտարարություններ կլսենք, կապված «Մեծ կաշառք» գործողության և դրա հետևանքների հետ, եթե միայն բուն Թուրքիայում իրավիճակը ճգնաժամային չդառնա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net