Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում, քանի որ հայրենիքում «հարմար պայմաններ չկան»

Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում, քանի որ հայրենիքում «հարմար պայմաններ չկան»

PanARMENIAN.Net - Չի դադարում Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին տեղեկությունների հոսքը: Ժամանակ առ ժամանակ Բաքու են տեղափոխվում սպանված ադրբեջանցի մոջահեդների դիերը: Ըստ տարբեր տվյալների, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Ասադի դեմ շուրջ 250 ադրբեջանցի է կռվում: Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի:

Անցած տարվա մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես եկան հերթական տեսաուղերձով, որտեղ կոչ արեցին հայրենակիցներին «ջիհադ անել Սիրիայում»: Կովկասի մահմեդականների վարչությունում չի հաջողվել պարզել այդ կազմակերպության դիրքորոշումը: Սակայն հայտնի է, որ ըստ Ադրբեջանի օրենքների, երկրի քաղաքացիների մասնակցությունը ցանկացած զինյալ ջոկատների գործունեությանն արտերկրում, որոնք չեն ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, ծանր քրեական հանցագործություն է համարվում և որակավորվում է որպես վարձկանություն, գրում է «Կովկասյան հանգույցը»:

Ըստ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղիի, որոշ երիտասարդների ձգտումը մասնակցել Բաշար Ասադի դեմ պատերազմին բացատրվում է նրանով, որ բուն Արդբեջանն «ազատագրական պատերազմ չի վարում»: «Այդ մարդիկ հոգով անհանգիստ են, հայրենասեր, նրանք պատերազմի մարդիկ են ու կռվել են ուզում: Բայց այստեղ նրանց համար հարմար պայմաններ չկան»,-ասել է նա, գրում է պարբերականը: Վերջերս սպանված Ռուստամ Ասկերովը այն 23 անձանցից մեկն է, որոնք 2003 թ. դատապարտվեցին «Ղարաբաղյան պարտիզաններ» կազմակերպությանն անդամակցելու համար, որն ադրբեջանական դատարանը որակեց որպես ապօրինի զինյալ կազմավորում: Անցած տարիներին բոլոր դատապարտվածները, երկուսից բացի, դուրս են եկել կալանավայրից: Ասկերովը նույնպես ազատ էր արձակվել և մեկնել էր Սիրիա: Բանտում այդ խմբից միայն երկուսը մնացին՝ մեկը դատապարտված 10 տարով, մյուսը՝ ցմահ:

Ադրբեջանում և արտերկրում հայտնի աստվածաբան, իսլամի մասին մի քանի գրքերի հեղինակ Թեյմուր Ատաևը գտնում է, որ ադրբեջանցիները Սիրիայում կռվում են հանուն հավատի: «Նրանք կարող են մտածել, որ Սիրիայում ջիհադի են մասնակցում: Ինչպես հայտնի է, Սիրիայի պատերազմին մասնակցում են համաշխարհային ուժեր, որոնք ունեն իսլամից հեռու գնացող նպատակներ: Հայտնի չէ, թե ով է ֆինանսավորում ադրբեջանցիներին Սիրիայում, ում զենքով են նրանք կռվում: Ասադի դեմ նրանց պատերազմում ջիհադի նշաններ չկան, քանի որ Սիրիան ադրբեջանցիների հողը չէ, որը պետք է պաշտպանել զավթիչներից, և Սիրիայում իսլամի դեմ պատերազմ չի գնում: Մյուս կողմից, սիրիական պատերազմն ընթանում է քաղաքներում: Զոհվում են խաղաղ բնակիչներ, որոնք չեն մասնակցում պատերազմին: Երկրի բնակչությունը ստիպված է փախչել քաղաքներից ու ապրել վրանային ճամբարներում Թուրքիայի տարածքում: Չի բացառվում, որ ադրբեջանցիների ձեռքից Սիրիայում զոհվում են անմեղ խաղաղ մարդիկ: Այդ ամենը ջիհադի նշաններ չեն»,-գտնում է աստվածաբանը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 115 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---